Տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից: Տիրազուրկ գույքի նկատմամբ կարելի է ձեռք բերել սեփականության իրավունք: Սակայն գույքը նախ պետք է ճանաչվի տիրազուրկ: Գույքը տիրազուրկ ճանաչելու իրավասությունը մեր օրենսդրությամբ վերապահված է դատարանին:
Շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ դիմումը տրվում է գույքը տիրապետող քաղաքացու բնակության վայրի կամ իրավաբանական անձի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան, իսկ անշարժ գույքը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ դիմումը տրվում է այդ գույքի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան:
«Գույքը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումում պետք է նշվի, թե որ գույքն է տիրազուրկ ճանաչվելու, նկարագրվեն դրա հիմնական տարբերակիչ հատկանիշները, ինչպես նաև բերվեն ապացույցներ, որոնք հաստատում են սեփականատիրոջ կողմից առանց գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պահպանելու մտադրության գույքը թողնելու փաստը և ապացույցներ` գույքը դիմողի տիրապետմանն անցնելու մասին»,-Իրավաբան.net-ին հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:
Դատարանը, գտնելով, որ գույքը սեփականատեր չունի կամ այն դրա սեփականատիրոջ կողմից թողնվել է առանց դրա նկատմամբ սեփականության իրավունքը պահպանելու մտադրության, վճիռ է կայացնում գույքը տիրազուրկ ճանաչելու և տիրապետող անձի սեփականությանն այն հանձնելու մասին: