Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագոհի Թովմասյանը Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ապրիլի 17-ին ոստիկաննեի գործողություններին, երբ թույլ չտվեցին ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանն ու իր թիմակիցները վրաններ տեղադրեն Ազատության հրապարակում:
«Եթե մտածում են, որ այդպես հնարավոր է վախեցնել քաղաքացիներին, ապա, ով-ով, գոնե Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, որ այդպիսի քայլերով չեն կարող վախեցնել պայքարող մարդկանց: Ես ուզում եմ հիշեցնել, որ ոստիկանության նմանօրինակ գործողությունների դեմ ինչքան էր խոսում Նիկոլ Փաշինյանը, հիմա նա անում է էլ ավելի վատ բաներ և էլ ավելի մերժելի երևույթներ, ինչի դեմ ինքը պայքարում էր: Կարող եմ արձանագրել, որ Հայաստանը ժողովրդավարական առումով շատ ավելի տխուր վիճակում է գտնվում և ոստիկանական գործողությունները հենց դրա ապացույցն են»,-ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի են ունեցել բաներ, որոնք աններելի են, բայց դրանք չեն արժանացել համապատասխան գնահատականի: Նա օրինակ բերեց վարչապետի ելույթը ԱԺ ամբիոնից:
«Երբ, որ նա վիրավորեց համայն հայությանը, որովհետև թիվ մեկ ամբիոնը բոլորիս ամբիոնն է և նա դրա համար ներողություն չխնդրեց»,-ասաց Թագուհի Թովմասյանը: