«Վանեցյանն իմ լավ ընկերն է, եկել եմ ընկերներիս բարևեմ, գնամ»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
«Եթե աջակցության տարր չունենար իմ բարևելը, ես կարող էի հեռախոսով էլ զանգել, բարևել։ Ես ակտիվ քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել, սա համարենք որպես քաղաքացիական պարտք։ Եկա, ընկերներիս բարևեցի, հիմա գնում եմ աշխատանքի, ընդմիջման ժամը ավարտվում է»,-նշեց նա։
Հարցին՝ նրան մտահոգում է երկրում ստեղծված իրավիճակը, Անանյանը պատասխանեց․ «Եթե գտնեք մեկին, որին չի մտահոգում, ուրեմն էդ մարդուց հեռու մնացեք»։
Նրա խոսքով՝ չկան այնպիսի բառեր, որոնք ճիշտ կբնորոշեն այն, ինչ կատարվում է երկրում․ «Իրավիճակը, մեղմ ասած, լավը չի»։
Անանյանը նշեց, որ ինքը իշխանության մի օղակում է եղել, որը զբաղված է եղել երկրի տնտեսությամբ և իր մասնագիտական կարողությունները հենց այդ ոլորտում է ներդրել։
«Քաղաքական որևէ բանի չեմ խառնվել, ժամանակ էլ չեմ ունեցել վերլուծելու։ Ես 2020 թվականի հունիսի սկզբից չեմ հանդիսանում այս կառավարության մասնիկը կամ աշխատակիցը, բայց մինչև այդ պահը եղել եմ այդ կառավարությունում, մինչև այդ պահը ունեցել իմ հարաբերություններն ու պատասխանատվությունը, որոշակի»,-նշեց նա։
Անանյանի խոսքով՝ իշխանափոխությունը պետք է լիներ կամովի՝ 2020-ի նոյեմբերի 10-ի առավոտյան։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, քաղաքացիներին հրավիրեց հրապարակ։