«Այն, որ վերջին օրերի ընդդիմության խոսույթը բաղկացած է երեսպաշտությունից, երեսպաշտությունից և միայն երեսպաշտությունից, փաստ է, բայց թույլ տվեք փաստն այդ ամրագրել օրինակներով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ու շարունակել․
«Օրինակի համար թույլ տվեք ձեզ ներկայացնել 1998-ի նոյեմբերին համանախագահների կողմից ներկայացված
«Ընդհանուր պետություն» անունը ստացած կարգավորման առաջարկից երկու դրույթ․
«5. ԼՂ քաղաքացիները որպես անձը հաստատող վկայական` կունենան Ադրբեջանի անձնագիր` ՙԼեռնային Ղարաբաղ՚ հատուկ նշումով: Միայն ԼՂ կառավարությունն իրավունք կունենա նման անձնագրեր հանձնել: ԼՂ հայկական ծագում ունեցող քաղաքացիները կարող են արտագաղթել Հայաստան և մշտական բնակություն հաստատելու համար այնտեղ տեղափոխվելու դեպքում հայկական քաղաքացիություն ստանալ այդ երկրի օրենքների համաձայն:
6. ԼՂ բնակչությունն իրավունք ունի ընտրելու իր ներկայացուցիչներին Ադրբեջանի խորհրդարանում և մասնակցելու Ադրբեջանի նախագահի ընտրություններին»:
Սա, հիշեցնեմ՝ համանախագահների առաջարկն է 1998 թվականի նոյեմբերին, երբ Ադրբեջանի տնտեսությունը նույնիսկ հեռավոր նմանություն չուներ այժմյանին, բանակը դեռ ջախջախված էր, արված չէին միլիարդավոր դոլարների զենքի գնումները։
Հայաստանում էլ նախագահ էր անձամբ ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը ու Հայաստանն էլ այս դրույթներով փաստաթուղթը ընդունել է որպես բանակցությունների հիմք՝ նշելով, որ ունի որոշ վերապահումներ(հայկական կողմը գտնում էր, որ փաստաթղթով ԼՂ-ի ու Ադրբեջանի հարաբերությունները դրվում են հորիզոնական հարթության վրա, ինչը դրական էր համարում, փաստաթղթով նաև ամրագրվում էին ԼՂ բնակչության մի շարք իրավունքներ ու ազատություններ, կային անվտանգության միջազգային երաշխիքներ), իսկ Ադրբեջանը տարբերակը մերժել է գրեթե միանգամից։ Մերժել է 98թ․-ին, երբ նավթադոլարներն ու Հայաստանում տոտալ կոռուպցիան վերջնականապես չէին խախտել ուժերի բալանսը»,-գրել է նա։