Արամ Ս.-ն 2021 թ․ դեկտեմբերի 13-ին ժամը 19։00-ի սահմաններում Արմավիրի մարզի համայնքներից մեկի տանն իր կնոջը՝ Ե.Հ.-ին մեկ անգամ հարվածել է և նրա ծնողների հասցեին մոտ 10 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Գործը դատարան է ստացվել 2022 թվականի ապրիլի 8-ին և մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչյա Մեխակյանին:
Բացի այդ, նա 2022թ․ փետրվարի 1-ին ժամը 20։00-ի սահմաններում գնացել է Երևան՝ կնոջ բնակության վայր և մոտ 10-15 րոպե հարվածելով դռանը՝ պահանջել է բացել այն և կնոջ հասցեին հնչեցրել տարբեր տեսակի սեռական բնույթի հայհոյանքներ՝ վիրավորելով նրա արժանապատվությունը:
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Արամ Ս.-ին մեղսագրվում է հանցավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 137․1 հոդվածի 1-ին մասի (Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը) և 137-րդ հոդվածի 1-ին (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել) մասերով:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: