Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը եկել էր ՀՀ Ազգային ժողով:
Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ տեղյակ չէ Նիկոլ Փաշինյան, Շառլ Միշել և Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումից հետո տարածած հայտարարությանը:
«Աշխատանքային եմ եկել, որևէ բան չունեմ ասելու, տեղյակ չեմ»,-նշեց նա:
Բաբայանի խոսքով՝ պատերազմի օրերին նա որևէ պաշտոն չի զբաղեցրել և կարող է լինել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամ. «Ինչքան հայերեն բացատրեմ՝ ես պաշտոն չէի զբաղեցնում, բանակը չի ենթարկվում Արցախին…հենց ըտենց»:
Լրագրողի դիտարկմանը, որ թշնամին շարունակում է ուժի լեզվով խոսել, Սամվել Բաբայանը արձագանքեց. «Բա ես ձեզ էն վախտ ասեցի՝ բանակ պահեք, որ ուժի լեզվով չխոսեն»:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը 2020 թվականի մայիսի 29-ին նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար։ Այդ պաշտոնից հրաժարվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին։