Պաշտպանյալս դեպքի պահին քնած է եղել. 15 տարի ազատազրկման դատապարտվածի փաստաբան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավճիռը։ Ամբաստանյալներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման։

Ամբաստանյալ Նորիկ Սահակյանի ներկայացուցիչ Հովիկ Արսենյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ հույս ուներ, որ գործը հետ կուղարկվի լրացուցիչ դատաքննության։

«Բազմաթիվ փորձաքննություններ նշանակվեցին, սակայն գեթ մեկ եզրակացությամբ գոնե անուղղակի ապացույց ձեռք չբերվեց այդ երիտասարդների վերաբերյալ։ Մեղադրանքի հիմքում դրվել է տուժողի զինծառայակիցների ցուցմունքները, որոնք իրարամերժ էին, ընթացքում էլ հայտնեցին, որ ճնշումներ են եղել իրենց նկատմամբ, ոչինչ չեն նկատել։ Այնուամենայնիվ, այդ ցուցմունքների հիման վրա են այս երիտասարդները դատապարտվում»,-նշել է նա։

Արսենյանի խոսքով՝ իր պաշտպանյալը, սպայի թույլտվությամբ, ևս 2 ուսանողների հետ միջանցքում ստուգարքի համար պարապելիս են եղել։ Նա նշում է, թե որևէ ապացույց գոյություն չունի, որ իր պաշտպանյալը մյուս 3 ամբաստանյալների հետ հանդիպել է։

«Իմ պաշտպանյալը պարապելուց հետո գնացել քնել է։ Նրանց այդ օրը և գիշերը չի հանդիպել։ Իմ պաշտպանյալին հենց առաջին օրը ռազմական ոստիկանությունում ասել են՝ դու այս երիտասարդների վրա ցուցմունք տուր, կարող ես գնալ դասերիդ։ Նա իր այլուրեքություն է ներկայացրել, որ պարապել է»,-նշում է Արսենյանը։

Փաստաբանը նշեց, որ նրանք նույնպես դատավճիռը բողոքարկելու են։

——————

Հիշեցնենք, որ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Ըստ գործի նյութերի՝ սպանության օրը Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Մովսես Ազարյանն ու Վաչե Սահակյանը վերջինիս ծննդյան օրն են նշել և ալկոհոլ օգտագործել: Թեև Թևոսյանի արյան փորձանմուշում ալկոհոլ է եղել՝ նա պնդել է, որ նման բան չի եղել, ինքն ալկոհոլ չի օգտագործել:

Գործի նյութերում նշվում է, որ սպանության գործով ամբաստայալները քննարկել են Հայկազ Բարսեղյանին պատուհանից ցած նետելու հարցը, ապա որոշել ինքնասպանության իմիտացիա ստեղծել և նրան տանել ու կախել սպորտհրապարակից: Ապա որոշվել է սպանվածի անունից երկտող գրել, կեղծել նրա ձեռագիրն ու նշել, որ որևէ մեկի չմեղադրեն իր մահվան մեջ:

Ըստ մեղադրանքի՝ Գնել Թևոսյանը սպանությունից հետո վերադարձել է այն ննջարան, որտեղ քնելիս է եղել Հայկազ Բարսեղյանն ու այնտեղ գտնվող ծառայակիցներին սպառնացել, որ սենյակում տեղի ունեցածի մասին որևէ մեկին չհայտնեն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել