Խրամորթից ու Փառուխից շուրջ 200 երեխա, կին ու տարեց է տարհանվել. հանձնարարվել է կարիքավոր ընտանիքներին ապահովել ժամանակավոր կացարաններով. Արտակ Բեգլարյան

Արցախում տարբեր պետական մարմիններ իրենց աշխատանքն են կատարում իրավիճակից բխող հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ, այս մասին հայտարարել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

Նա նշել է, որ այցելել է Խրամորթ համայնք, կապ է պահում շրջվարչակազմերի ղեկավարների ու լիազոր նախարարների հետ, տալիս համապատասխան հանձնարարականներ:

«Նախ, Խրամորթի ու Փառուխի բնակիչների (շուրջ 200 երեխա, կին ու տարեց) տարհանման կազմակերպումից հետո հանձնարարել եմ սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարությանը արագորեն գնահատել տարհանված ընտանիքների կարիքները և ցուցաբերել առաջին անհրաժեշտության աջակցություն: Արդեն սննդամթերքի տեսքով որոշակի ծավալի աջակցություն տրվել է և առաջիկայում աջակցության լրացուցիչ միջոցներ ևս կկիրառենք:

Կառավարության հետ համագործակցությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ևս ցուցաբերում է աջակցություն, այդ թվում՝ ֆինանսական բնույթի, և, ըստ կարիքի, կառավարությունը նույնպես կտրամադրի ֆինանսական օգնություն տարհանված անձանց՝ հաղթահարելու իրենց սուր հիմնախնդիրները:

Հանձնարարված է լիազոր մարմիններին կարիքների գնահատման արդյունքների հիման վրա ապահովել Խրամորթից ու Փառուխից տարհանված կարիքավոր ընտանիքներին ժամանակավոր կացարաններով՝ մինչև իրավիճակի կարգավորումը և նրանց վերադարձը հայրենի տներ: Աշխատանքներ են տարվում նաև տարհանված երեխաների կրթության պատշաճ կազմակերպման ուղղությամբ:
Գյուղատնտեսության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում կենդանիների պաշտպանության ու անասնակերի ապահովման ուղղությամբ», – հայտնել է Բեգլարյանը։

Արցախի պետնախարարը տեղեկացրել է նաև, որ մի շարք աշխատանքներ են կատարվել ու կատարվում նաև այլ ուղղություններով, այդ թվում՝ Հայրենիքի պաշտպանության գործին աջակցելու առումով, որոնց մասին լիազոր մարմինները առանձին հրապարակումներով հանդես կգան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել