Վերջին օրերին Հանրապետությունում ստեղծված որոշակի լարվածության ֆոնին հանրային լայն շրջանակները, չնայած ունեցած մտահոգություններին, շարունակում են պահպանել սառնասրտություն և հանգստություն, այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ներքին գործերի նախարարությունը։
«Մասնավորապես, դիտարկելով մարտի 24-29-ը մինչև ժամը 13:00-ն, քաղաքացիների ելքը և մուտքը Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն շարունակվել է բնականոն ու սովորական ռեժիմով՝ որոշակի փոքր տատանումներով:
Այնուամենայնիվ, օգտվելով առիթից, դիմում ենք լրատվական միջոցների ներկայացուցիչներին, սոցիալական ցանցերում ակտիվ օգտատերերին, հանրային և քաղաքական բոլոր շրջանակներին՝ պահպանել խիստ զսպվածություն, ավելորդ և անհարկի լարվածության մթնոլորտ հրահրող հրապարակումներ կամ հայտարարություններ չանել:
Ժամանակը ցույց է տվել, որ Արցախի հերոսական ժողովրդին չեն կարող ընկճել թշնամու կողմից պարբերաբար հրահրվող սադրանքները և ոչինչ չի կարող զրկել մեզ հայրենի հողում խաղաղ ապրելու ու արարելու մեր ձգտումներից ու ցանկությունից»: