Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Տիգրան Ոսկանյանի, Գառնիկ Կիրակոսյանի և Օհան Ստեփանյանի դեմ հարուցված քրեական գործը:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Տիգրան Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծանոթներ Գառնիկ Կիրակոսյանի և Օհան Ստեփանյանի հետ 2013թ. մարտի 20-ին իրեն պատկանող տանը առանց իրացնելու նպատակի, տեղում իրենց գործածման համար քացախաթթվի և այլ նյութերի հետ խառնելու, եռացնելու միջոցով վերամշակել և «Սոլպադեին» դեղահաբերից անջատելու եղանակով ապօրինի պատրաստել են զգալի չափերի` 0.0325 գրամ «կոդեին» տեսակի թմրամիջոց, սակայն չեն հասցևել օգտագործել, քանի որ ոստիկանության աշխատակիցները ժամանելով, զննությամբ հայտնաբերել և առգրավվել են այդ թմրամիջոցները:
Գործով երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ըստ որի`
Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: