Ադրբեջանի աշխարհաքաղաքական նպատակներն ակնհայտ են. ԱՀ ԱԳՆ

Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով զինադադարի ռեժիմը և բոլոր պայմանավորվածությունները, հատել են Արցախի Հանրապետության հետ շփման գիծը և ներխուժել ԱՀ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ։ Թշնամին նաև սադրանքների է դիմել նույն շրջանի Խրամորթ բնակավայրի ուղղությամբ։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից:

Ավելին, մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները  կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:

Վերոհիշյալ գործողությունները տրամաբանական շարունակությունն են վերջին շրջանում Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնած ահաբեկչական արշավի, որը դրսևորվում է խաղաղ բնակչության վրա հոգեբանական ճնշումների գործադրմամբ,  կրակի դադարեցման ռեժիմի պարբերական խախտումներով և Արցախը սնուցող միակ գազատարի խափանմամբ, ինչի արդյունքում հանրապետությունում հումանիտար ծանր իրավիճակ է ստեղծվել։

Ադրբեջանի կողմից իրականացվող այս բոլոր գործողությունները ոչ այլ ինչ են քան պետականորեն ուղղորդված էթնիկ զտման քաղաքականություն՝ միտված Արցախի լիակատար հայաթափմանը։

Ադրբեջանի աշխարհաքաղաքական նպատակները ակնհայտ են` ահաբեկել Արցախի ժողովրդին, հարված հասցնել ՌԴ խաղաղապահ առաքելությանը, Անդրկովկասը դարձնել պանթյուրքիզմի և ծայրահեղականության պլացդարմ` հետագայում ավելի լայն ծրագրերի իրականացման նպատակով:

Ադրբեջանի հայատյաց և սանձազերծ քաղաքականությունը պետք է արժանանա միջազգային հանրության, մասնագիտացված միջազգային կազմակերպությունների ամենախիստ գնահատականին: Անտարբերությունն ու անգործությունը ավելի սարսափելի հետևանքներ կունենան ողջ քաղաքակիրթ մարդկության համար:

Արցախի ժողովուրդը շարունակում է ամուր կանգնել իր հողում և երբևիցե չի հրաժարվելու իր հայրենիքից, չի ընկրկելու թշնամու ստորությունների ու նենգության առաջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել