Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին:
Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գասենյակից:
Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և վերադարձի գործընթացին առնչվող հարցեր։ Մասնավորապես, Թիերի Ռիբոն անդրադարձել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ տարվող աշխատանքներին, ներառյալ ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո անհետ կորած անձանց առնչությամբ իրականացվող աշխատանքներին:
ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է նաև 44-օրյա պատերազմից հետո ԿԽՄԿ մանդատի շրջանակում Արցախում իրականացվող ծրագրերը:
Իր հերթին Պաշտպանը պատվիրակության ղեկավարին է ներկայացրել նախորդ շաբաթ Արցախ կատարված այցի ընթացքում արձանագրած փաստերն ու հետևությունները: Պաշտպանը նշել է, որ հատկապես մտահոգիչ է համարում շփման գծին կամ ադրբեջանական հենակետերին մոտ տեղակայված գյուղերի բնակչության բնականոն կյանքը խաթարելուն միտված ադրբեջանական զինված ուժերի սադրանքները՝ վկայակոչելով Խրամորթում և Նորշենում տեղի ունեցած դեպքերը:
Պաշտպանի դիրքորոշմամբ սա շարունակվող, կազմակերպված և մեկ կետից կառավարվող քաղաքականության արդյունք է: Նման քաղաքականության ապացույց է նաև երկու հայ ռազմագերիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ հարուցված դատավարությունները, ովքեր դատապարտվել են համապատասխանաբար և 19 և 18 տարի ազատազրկման: Պաշտպանը նշել է, որ դրանք արհեստական դատավարություններ են, ինչը Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում է:
Հանդիպման ավարտին կողմերը բարձր են գնահատել Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության և ՄԻՊ հաստատության միջև համագործակցության դերը մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքների պաշտպանության հարցում՝ վերահաստատելով համագործակցելու իրենց պատրաստակամությունը: