ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գ. Իսաղուլյանի կողմից՝ ՀՀ վարչապետի և Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի հանգամանքները:
Այս մասին հայտնում են Քնչչական կոմիտեից:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալնԵրի համաձայն՝ Գ. Իսաղուլյանը, մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում, գիտակցելով, որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կեղծ է, հայտնել է չկատարված հանցագործության մասին, որը զուգորդվել է ՀՀ վարչապետին և Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին առանձնապես ծանր հանցագործության, մասնավորապես՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, օտարերկրյա պետությանը թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու մեջ մեղադրելով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գ. Իսաղուլյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: