Ձեր չափը իմացեք, հերիք եղավ, բոլ եղավ․ Նիկոլ Փաշինյանի խոսքից հետո ԱԺ-ում թեժ վիճաբանություն սկսեց

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցությունից Հռիփսիմե Ստամբուլյանը. «Ինչ հետևանքներ է ունենալու գազի թանկացումը տնտեսության վրա, արդյոք կառավարությունը քայլեր մշակում է սրա հետ կապված՝ օգնություններ, թոշակի ավելացումներ և այն։ Բացի այդ, ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Հայաստանը կարող է կանգնել հացահատիկ ներկրելու հետ կապված դժվարությունների առջև։ Երբ հերթը հասնի հացահատիկին, Ռուսաստանը առաջին հերթին իր քաղաքացիներին է սպասարկելու: Քանի որ հանձնել էք Արցախի 75 տոկոսը, թշնամուն թողեցիք հացահատիկի պաշարները: Ինչպես եք լուծելու այդ հարցը»։

Նիկոլ Փաշինյանը մոտենալով ամբիոնին հայտարարեց, որ ամբիոնին չէր մոտենա, եթե Ստամբուլյանի հարցում պնդում չլիներ այն մասին, որ իշխանությունը Արցախի 75 տոկոսը թողել է թշնամուն: Նա «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից պահանջեց, որ իրենց հրապարակային պաշտոնապես դիրքորոշում արտահայտեն․

«Ի վերջո, Սանասա՞ր է, թե՞ Կուբաթլի, և այդպես շարունակ: Եթե Սանասար է եւ ոչ Կուբաթլի, ձեր լիդերներն ինչու են 20 տարի բանակցել այդ տարածքները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ: Դա արվել է հրապարակային, ձեր ընդունած մադրիդյան սկզբունքներում գրվել է. 1. 7 շրջանները վերադարձվում են Ադրբեջանին: Հիմա ասեք, այ դավաճաններ, էդ հողերն ինչու եք գնացել… հայրենիքը դրել սակարկությունների վրա, որ հացահատիկի գործ անե՞ք: Ասեք պաշտոնապես: Եթե հաստատեք, որ Սանասար է, ոչ թե Կուբաթլի, ուրեմն պարոն Մինասյանի ասած հայրենիքի դավաճանության հոդվածով ձեր երկու լիդերների նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի: Եվ այն, ինչ ուզում եք բեմադրել մեր նկատմամբ, պետք է ձեր նկատմամբ արվի: Հերիք է գաք էստեղ կոկորդիլոսի արցունքներ թափեք

Կամ Սյունիքի մասին խոսողները. Տարան, գլուխները կախ ընդունեցին իրենց մեղքը, ներում խնդրեցին եւ 15 մլրդ էլ վճարեցին պետական բյուջե: Էդ դո՞ւք եք խոսում Սյունիքի մասին, այ թալանչիներ»,-նշեց Փաշինյանը:

Հռիփսիմե Ստամբուլյանը հորդորեց «մատ թափ տալով և բղավելով» չխոսել․ «Ի վերջո, ՀՀ քաղաքացու համար ինչ եք անում: Հացահատիկի խնդիրը լուծելո՞ւ եք, եթե մենք հասնենք դրան, իսկ մենք դրան կարող ենք հասնել»:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իսկ եթե դուք օրենսդիր եք, դա չի նշանակում, որ կարաք տակից-գլխից ամեն ինչ խոսել: Ես ասում եմ՝ ով ինձ ասի, որ ես հող եմ հանձնել, ես էդ մարդկանց հետ մատով եմ խոսացել ու մատով եմ խոսելու: Եթե Սանասար էր, ինչի/ էիք գնացել հանձնում, մադրիդյան սկզբունքներում դուք եք գրել, դուք էլ պաշտպանության նախարար եք եղել՝ կանսերվի կոկոշներով դիրքերն ամրացնելով: Ուրեմն ձեր չափն իմացեք, հերիք եղավ, բոլ եղավ: Թափ կտամ մատ, պետք ըլնի, ուրիշ բան էլ թափ կտամ»:

Դրանից հետո իրավիճակը լարվեց: Տեղից սկսեցին արձագանքել «Հայաստան» խմբակցության պատգամավորները, այդ թվում խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել