«Զինված ուժերի ղեկավարության ընտրած քաղաքականությունն այսօր ուղղված է զինված ուժերի գործունեության և հասարակության թափանցիկության ապահովմանը: Մենք հասարակությունից թաքցնելու ոչինչ չունենք: Որքան թափանցիկ լինենք այնքան կմեծանա երկուստեք պատասխանատվությունը»,- այս մասին Թափանցիկությունը պաշտպանության կառավարման ոլորտում խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարի խոսքերով՝ թափանցիկության, անվտանգության և հաշվետվողականության հավասարակշռումը ամենակարևոր խնդիրներից է. «Երբ որոշվի թափանցիկության և անվտանգության սահմանը, այդ ժամանակ յուրաքանչյուրս կանենք մեր աշխատանքը, որի արդյունքում կբարձրանա փոխադարձ վստահության աստիճանը»:
Անդրադառնալով զինված ուժերի նկատմաբ հասարակության վստահության անկմանը՝ նշեց. «Զինված ուժերի ողջ անձնակազմը իրականացնում է մի շարք բարդ խնդիրներ, և այն խոսակցությունները, թե մեր գործունեությունը իրականացնում ենք խաղաղ պայմաններում, այնքան էլ այդպես չէ: Զինված ուժերի մեկ երրորդը գտնվում է մարտական հերթապահության և պատերազմի մեջ»:
Սեյրան Օհանյանը կարծում է, որ ամեն ինչի մեջ պետք է սկզբից լավը տեսնել, և այդ լավը տեսնելով կարող ենք բանակն առաջ տանել: Այդ իսկ պատճառով էլ առաջարկեց, որ տրվող գնահատակնների մեջ նուրբ լինենք. «Որակական չափանիշներով մենք պահում ենք հավասարակշռությունը հակառակորդի հետ: Անմիջական շփման պայմաններում մեր զինվորը առաջին գծում պարտադրողի դերում է: Առաջին գծում կանգնած զինվորը մի շարք խնդիրներ պատվով է լուծում»:
«Բանակում տեղի ունեցող յուրաքնաչյուր վատ դեպքից հետո ասում են, թե ինչու ՊՆ նախարարը հրաժարական չի տալիս: Ես ուզում եմ ասել, որ ՊՆ նախարարը և առհասարակ ինձ նման ճանապարհ անցած մարդիկ հայրենքի պաշտպանության գործում երբեք հրաժարական չեն տալիս»,- ասաց նախարարը:
Սեյրան Օհանյանը քննարկման վերջում անդրադարձավ նաև սպայական կազմին քրեական պատասխանատվության ենթարկելու խնդրին: Վերջինիս հաղորդմամբ սպաները ենթարկվում են քրեական պատասխանատվության, անգամ կա համապատaսխան վիճակագրություն, որը ցույց է տալիս, թե ամեն տարի քանի սպա է ենթարկվել քրեական պատասխանատվության:
Իրավաբան.net