COVID-19-ի դեմ կարելի է պատվաստվել ապաքինվելուց 14 օր անց. ՀՀ ԱՆ

Կորոնավիրուսային հիվանդությունից (COVID-19) հետո անձը կարող է պատվաստվել հիվանդության կլինիկական ախտանշաններն անցնելուց 14 օր հետո: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

COVID-19-ի դեմ պատվաստումը կարող է իրականացվել՝ անկախ տվյալ անձի նախկինում ախտանշանային կամ անախտանիշ COVID-19-ով հիվանդանալու փաստից:

«Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ է պաշտպանված անձը COVID-19-ի ցանկացած շտամով, այդ թվում` «Օմիկրոնով» հիվանդանալուց և ապաքինվելուց հետո: Հետևաբար, կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19)  նախկինում հիվանդացած լինելու փաստը և արյան մեջ հակամարմինների առկայությունը հակացուցում չէ պատվաստվելու համար, քանի որ գրանցվում են նաև ծանր ընթացքով կրկնավարակի դեպքեր, իսկ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները, այդ թվում`  խթանիչ (բուստեր) դեղաչափով, կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը»,- ասված է հաղորդագրությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել