Տուժողի ավտոտրանսպորտային միջոցի վնասվածքի վերականգնման հետևանքով առաջացած ծախսեր են համարվում ավտոտրանսպորտային միջոցի վերանորոգման հետ կապված ծախսերը, որոնք անհրաժեշտ են այդ ավտոտրանսպորտային միջոցի՝ մինչև պատահարի պահը առկա փաստացի վիճակը վերականգնելու համար: Ավտոտրանսպորտային միջոցի վերանորոգման արդյունքում դրա շուկայական արժեքի նվազեցման հետևանքով առաջացած գումարային տարբերությունը ենթակա չէ հատուցման:
Տուժողի ավտոտրանսպորտային միջոցը համարվում է ոչնչացված, եթե դրա վերանորոգումը տեխնիկապես անհնարին է կամ տնտեսապես չհիմնավորված (վերանորոգման ծախսերը կգերազանցեն նախքան պատահարը ավտոտրանսպորտային միջոցի արժեքի 80 տոկոսը): Տուժողի ավտոտրանսպորտային միջոցի ոչնչացման դեպքում ապահովագրական գումարի սահմաններում հատուցվում է մինչև դրա ոչնչացման պահը գնահատված արժեքի և Բյուրոյի խորհրդի սահմանած կարգով հաշվարկված` դրա մնացորդային արժեքների տարբերությունը:
Տուժողի ավտոտրանսպորտային միջոցի կորուստ է համարվում դրա հափշտակումը կամ այլ կերպ անհետացումը, եթե կորուստը տեղի է ունեցել տուժողին կամ այն անձին, որին վստահված է ավտոտրանսպորտային միջոցը, պատճառված վնասի հետևանքով նրա կողմից այն հսկելու անհնարինության պատճառով: Ավտոտրանսպորտային միջոցի կորստի դեպքում ապահովագրական հատուցումը վճարվում է մինչև ավտոտրանսպորտային միջոցի կորուստը գնահատված արժեքի չափով` ապահովագրական գումարի սահմաններում: