Օդանավի հրամանատարը (օդաչուն) թռիչքի ժամանակահատվածում օդանավում բարձրագույն պաշտոնատար անձն է:
Օդանավի հրամանատարը պատասխանատվություն է կրում օդանավի վարման և թռիչքային անվտանգության համար թռիչքի ողջ ժամանակահատվածում: Այս հոդվածի իմաստով թռիչքի ժամանակահատված է համարվում թռիչքի նպատակով օդանավի շարժման պահից մինչև թռիչքն ավարտելուց դրա լրիվ կանգառման պահի ընդհանուր ժամանակահատվածը:
Օդանավի հրամանատարը և, եթե նախատեսված է, նրան փոխարինողը (երկրորդը անձնակազմում) նշանակվում են օդանավի սեփականատիրոջ կողմից: Եթե օդանավն օգտագործվում է սեփականատեր չհանդիսացող շահագործողի կողմից, ապա օդանավի հրամանատարը և նրան փոխարինողը նշանակվում են շահագործողի և սեփականատիրոջ միջև ձեռք բերված փոխադարձ համաձայնությամբ: Նշանակված օդաչուների հաստատված ցանկը օդանավ շահագործողը պարտավոր է ներկայացնել Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը։
Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերի անձնակազմի անդամներ կարող են հանդիսանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եթե Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը բացառության կարգով այլ որոշում չի կայացնում:
Օդանավի հրամանատարի, երկրորդ օդաչուի, շտուրմանի, բորտինժեների, բորտռադիստի և բորտօպերատորի առավելագույն տարիքը չի կարող գերազանցել 65 տարին: Օդանավի թռիչքի ժամանակահատվածում թռիչքային անձնակազմում նշված ավիացիոն մասնագետներից 60 տարին անց կարող է լինել միայն մեկը: