Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Արամ Վ.-ի:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրավապահ մարմինների նորմալ գործունեությունը խաթարելու, ինչպես նաև Արտաշատ քաղաքի բնակիչ Կարեն Վ.-ի իրավունքներն ու օրինական շահերը խախտելու և նրան քրեական պատասխանատվության ենթարկելուն հասնելու դիտավորությամբ, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 2012թ սեպտեմբերի 7-ին, կատարելով սուտ մատնություն, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է տվել, որ Արտաշատ քաղաքի բնակչուհի Արմինե Ն.-ի կողմից խարդախության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված թիվ 27118910 քրեական գործով, որով Արմինե Ն.-ն դատապարտվել է ՀՀ քր. օր-ի 34-178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իբր գործով տուժող Կարեն Վ.-ի դրդմամբ ինքը տվել է Արմինե Ն.-ի խարդախության փորձ և վաշխառություն կատարելու մեջ մեղադրող սուտ ցուցմունքներ` այդ կերպ Կարեն Վ.-ին մեղադրելով ՀՀ քր. օր-ի 38-338 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի` հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: