Քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված լինելու դեպքում գույքին պատճառված վնասների չափը գնահատվում է, և դրանում անձի մեղավորության աստիճանը որոշվում է գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, իսկ այդպիսի գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործն ըստ էության լուծող դատական ակտ չընդունվելու դեպքում` Բյուրոյի որակավորած փորձագետների (այսուհետ՝ փորձագետ) կողմից, բացառությամբ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի, որոնց համար Բյուրոյի կանոններով կարող է նախատեսվել ապահովագրական ընկերության կողմից մեղավորության որոշման և (կամ) վնասի չափի գնահատման պարզեցված կարգ:
Քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված լինելու դեպքում պատճառված անձնական վնասների չափը գնահատվում է, և դրանում անձի մեղավորության աստիճանը որոշվում է գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, իսկ այդպիսի գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործն ըստ էության լուծող դատական ակտ չընդունվելու դեպքում պատճառված անձնական վնասների չափը գնահատում է տուժողին բժշկական օգնություն ցուցաբերած կամ նրա առողջությունը վերականգնած բժշկական կամ այլ հաստատությունը կամ մասնագետը, իսկ անձի մեղավորության աստիճանը՝ փորձագետը:
Փորձաքննությունն իրականացնելիս և գույքին պատճառված վնասները գնահատելիս փորձագետը պարտավոր է ղեկավարվել օրենքով, այլ իրավական ակտերով, ներառյալ` Բյուրոյի խորհրդի` օրենքի հիման վրա ընդունած` ապահովագրական պատահարի հետևանքով առաջացած վնասների գնահատման և փորձաքննության կարգով ու մեթոդաբանությամբ:
Եթե վնասը պատճառել են մի քանի անձինք, և հնարավոր չէ պարզել նրանցից յուրաքանչյուրի պատճառած վնասի չափը, ապա այդ անձինք (նրանց` ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրած ապահովագրական ընկերությունները) տուժողի առջև կրում են համապարտ պատասխանատվություն: Ընդ որում, ապահովագրական գումարի և հատուցման չափը համապատասխան ապահովագրական ընկերությունների նկատմամբ կիրառվում են առանձին:
Մեկ անձի կողմից մի քանի անձանց վնաս պատճառելու դեպքում հատուցումը իրականացվում է նրանցից յուրաքանչյուրին պատճառված վնասի չափով: