Արարատ քաղաքի բնակիչ Միրզա Մարկոսյանը դիմել էր Արարատի շահերի պաշտպանության և աջակցության ընդունարան և հայտնել, որ իր կենսաթոշակը 2 ամիս է չի ստանում: Պատճառը կայանում էր նրանում, որ Արարատ քաղաքի փոստի աշխատակիցները նրան անընդհատ հետ են ուղարկում` պատասխանելով, որ նա արդեն ստացել է իր կենսաթոշակը և ստորագրել ստացած գումարի դիմաց: Սակայն քաղաքացու պնդմամբ նա ո’չ գումար էր ստացել, և ո’չ էլ որևէ մատյանում դրա դիմաց ստորագրել:
Ստորագրության իսկությունը ճշտելու նպատակով` դիմել էր Արարատ քաղաքի փոստի բաժանմունքի պետին, որն էլ բնակչին «ընդառաջելով» հրավիրել էր ձեռագրաբան փորձագետի: Փորձաքննությունն արդյունք չէր տվել, քանի որ Մ. Մարկոսյանի ձեռքերը հիվանդության պատճառով դողում են, և ստորագրությունները միմյանցից բավականին տարբերվում են: Այլևս ոչինչ չկարողանալով անել` նա դիմեց Արարատի մարզի ՇՊԱԸ:
Արարատի ՇՊԱԸ-ն ուսումնասիրելով դեպքը, պարզելով որ դրանում առկա են կոռուպցիոն ռիսկներ, որոշեց համապատասխան գրությամբ այն հանձնել իրավապահ մարմինների քննությանը և այդ մասին հայտնեց փոստի աշխատակցին: ՇՊԱԸ-ի կողմից գործին օպերատիվ կերպով արձագանք տալու արդյունքում փոստի աշխատակիցները հասկացան, որ իրենց կողմից դրսևորած վարքագիծը համարվում է քրեորեն հետապնդելի, որի համար կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության, և որոշեցին իրենց կողմից թույլ տված խախտումը ուղղել ինքնուրույն` կանխելով Արարատի ՇՊԱԸ-ի և իրավապահ մարմինների միջամտությունը: Հաջորդ օրն արդեն Մ. Մարկոսյանը ներկայացավ ՇՊԱԸ և խնդրեց այլևս ընթացք չտալ գործին քանի որ իրեն արդեն խոստացել են շտկել տեղի ունեցածը և վճարել 2 ամսվա կենսաթոշակը 2 աշխատանքային օրվա ընթացքում: