Որտե՞ղ կարող են կազմակերպվել ավտոկայանատեղիներ

Ավտոկայանատեղերի կազմակերպումն իրականացվում է համայնքի ավագանու որոշման հիման վրա: Ավտոկայանատեղերի տեղաբաշխումը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության հետ: Եթե ավտոկայանատեղերը պետք է կազմակերպվեն զորամասերի, ռազմական կամ ազգային անվտանգության համակարգերի շենքերին կամ շինություններին հարակից տարածքներում, ապա այդ ավտոկայանատեղի տեղաբաշխումը համաձայնեցվում է նաև համապատասխան մարմինների հետ:

Ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպվում է համայնքի ղեկավարի կամ համայնքային ենթակայության կազմակերպության կողմից: Համայնքի ավագանու որոշմամբ ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը կարող է վերապահվել նաև «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, որոնք գանձում են տուրք` համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրին համապատասխան:

Ավտոկայանատեղի կազմակերպիչը տուրքը գանձում է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն:

Ավտոկայանատեղեր կարող են կազմակերպվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական, շինարարական և այլ նորմերի պահանջներին համապատասխան, ընդ որում`

1) փողոցի երթևեկելի գոտում` միայն երթևեկելի մասի եզրի երկարությամբ ավտոտրանսպորտային միջոցների հաջորդական տեղաբաշխմամբ` պայմանով, որ չարգելափակվեն բակային մուտքերը.

2) փողոցի երթևեկելի մասի տեղային լայնացում ունեցող հատվածում` ավտոտրանսպորտային միջոցների` միմյանց նկատմամբ զուգահեռ տեղաբաշխմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 113-Ն որոշման պահանջներին համապատասխան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել