Ի՞նչ պատասխանատվություն է կրում օդային փոխադրողը

Օդային փոխադրողը պատասխանատվություն է կրում ուղևորի ստացած վնասվածքների համար, եթե իրադարձությունը, որի հետևանքով հասցվել է վնասվածքը, տեղի է ունեցել օդանավում կամ ուղևորի օդանավ նստելու և իջնելու ընթացքում, բացառությամբ ստորև նշված դեպքերի, երբ փոխադրողը պատասխանատվություն չի կրում կամ կարող է չկրել:

Փոխադրողը պատասխանատվություն է կրում գրանցված ուղեբեռի կամ բեռի կորստի, ոչնչացման կամ վնասման համար, եթե պատճառ հանդիսացող իրադարձությունը տեղի է ունեցել ուղեբեռի կամ բեռի՝ փոխադրողի հսկողության տակ գտնվելու ժամանակահատվածում օդանավակայանում կամ օդանավում կամ, եթե օդանավը վայրէջք է կատարում օդանավակայանից դուրս, բեռի գտնվելու վայրում, բացառությամբ ստորև նշված դեպքերի, երբ փոխադրողը պատասխանատվություն չի կրում կամ կարող է չկրել:

Բեռնման, առաքման կամ վերաբեռնման նպատակով օդանավակայանից դուրս իրականացված վերգետնյա, ծովային փոխադրման գործողությունների ընթացքում ուղեբեռի և բեռի վնասվելը համարվում է որպես վերը նշված ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձության արդյունք միայն այն դեպքում, եթե այդ փոխադրումները նախատեսված են փոխադրման պայմանագրով, և եթե փոխադրողի կողմից հակառակը չի ապացուցվել:

Փոխադրողը պարտավոր է իր կողմից իրականացվող չվերթի՝ ուղևորի փոխադրման տոմսով նախատեսված ժամից ուշացման դեպքում հոգալ ուղևորների կարիքները սկսած`
1) 2 ժամից` սնունդով.
2) 4 ժամից` հաղորդակցության միջոցներով և հնարավորություններով.
3) 8 ժամից` կացարանով:

Փոխադրողը պատասխանատու է ուղևորների, գրանցված ուղեբեռի կամ բեռի օդային փոխադրման ցանկացած ուշացմամբ պայմանավորված վնասի համար, բացառությամբ ստորև նշված դեպքերի, երբ փոխադրողը պատասխանատվություն չի կրում կամ կարող է չկրել:

Փոխադրողը պատասխանատվություն չի կրում, եթե ապացուցում է, որ ինքը և իր գործակալները վնասից խուսափելու նպատակով ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները, կամ որ անհնար էր իր կամ գործակալի կողմից ձեռնարկել նման միջոցներ:

Փոխադրողը կարող է պատասխանատվություն չկրել, կամ նրա պատասխանատվության չափը կարող է սահմանափակվել, եթե ապացուցվում է, որ վնաս կրած անձն իր անփութությամբ նպաստել է դրան:

Փոխադրողի պատասխանատվությանը, ինչպես նաև ըստ պայմանագրի` փոխադրող չհանդիսացող անձի կողմից իրականացվող օդային փոխադրմանը, համատեղ փոխադրմանը և այլ հատուկ խնդիրներին վերաբերող լրացուցիչ կանոնները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել