Ինչպե՞ս են բանկերը ընտրում անկախ աուդիտորական կազմակերպությանը

Ինչպես գիտենք, յուրաքանչյուր տարի բանկի ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով բանկը պետք է ներգրավի օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով աուդիտորական ծառայությունների իրականացման իրավունք ունեցող անկախ աուդիտ իրականացնող անձի՝ կնքելով նրա հետ համապատասխան պայմանագիր:

Այժմ տեսնենք, թե ինչ չափանիշներով է բանկն ընտրում այդ անկախ կազմակերպությանը: Այսպես՝ բանկն ընտրում է այն աուդիտորական կազմակերպությունը, որը բավարարում է հետևյալ նվազագույն չափանիշներին.
1) բանկի կամ ապահովագրական ընկերության աուդիտի իրականացման առնվազն 5 տարվա փորձ: Ընդ որում, բանկի կամ ապահովագրական ընկերության աուդիտի իրականացման 5 տարվա փորձի պահանջը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների վրա (Համաշխարհային հաշվապահական տեղեկագրում հրապարակված և հttp://firm-rankings.vrl-financial-news.cօm կայքում տեղադրված ցանկում ներառված ըստ եկամտաբերության` լավագույն 10 աուդիտորական կազմակերպություններ),
2) աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և առնվազն 5 բանկի կամ ապահովագրական ընկերության աուդիտի իրականացման փորձ և միջազգային հաշվապահական և (կամ)աուդիտորական որակավորման (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական),
3) աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսը պետք է ունենա աուդիտորական կազմակերպությունում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և միջազգային հաշվապահական և (կամ)աուդիտորական որակավորման (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական) կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության կողմից տրված աուդիտորի որակավորում,
4) աուդիտորական կազմակերպությունը բանկի հետ կնքվող պայմանագրով համաձայնություն է տալիս Կենտրոնական բանկի հրավերով մասնակցելու բանկի, աուդիտորական կազմակերպության և Կենտրոնական բանկի միջև արտաքին աուդիտի արդյունքների քննարկման համար կազմակերպվող եռակողմ հանդիպմանը:

Միևնույն պատասխանատու աուդիտորը չի կարող իրականացնել նույն բանկի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը, եթե տվյալ ֆինանսական տարվան նախորդող 3 ֆինանսական տարիներին անընդմեջ իրականացրել է տվյալ բանկի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը:

Բանկը ներքին իրավական ակտերով սահմանում է աուդիտորական կազմակերպության ընտրության նկատմամբ վերը սահմանված չափանիշները մանրամասնող և դրանց գործնական կիրառումն ապահովող ընթացակարգերը, չափանիշների կիրառման մեթոդաբանությունը, աուդիտի ընդգրկման բնագավառները և նշված կարգի պահանջների կատարումն ապահովող այլ դրույթներ: Բանկերը կարող են սահմանել վերոնշյալ չափանիշներին չհակասող այլ չափանիշներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել