Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը գտնվում է հանրապետության մայրաքաղաքում և անմիջական կապ է պահպանում պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Այս մասին հայտարարել է Նազարբաևի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը։ Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։
«Նախագահը գտնվում է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում: Մենք ձեզ խնդրում ենք գիտակցաբար կեղծ և ենթադրական տեղեկատվություն չտարածել: Նա անցկացնում է մի շարք խորհրդատվական հանդիպումներ և անմիջական կապի մեջ է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ»,- Twitter-ում գրել է նա։
Նա նաև հայտնել է, որ Նազարբաևը մի քանի հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանին բարեկամ երկրների ղեկավարների հետ։
«Նուրսուլթան Նազարբաևը կոչ է անում բոլորին համախմբվել Ղազախստանի նախագահի շուրջ՝ հաղթահարելու առկա մարտահրավերները և ապահովելու մեր երկրի ամբողջականությունը»,- ասել է մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ երկրի առաջին նախագահն իր դուստրերի հետ սեփական ինքնաթիռով լքել են երկրի տարածքը։