Տասնյակ անձինք դարձել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարվող հափշտակության զոհ. քրեական գործն ուղարկվել է դատարան

Ավարտվել է սոցիալական ցանցերի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչութունում քննված քրեական գործի նախաքննությունը, հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Դատախազական պատշաճ հսկողության ներքո կատարված քննությամբ հիմնավորվել է, որ Վ. Ք.-ն 2020թ. մարտի 15-ից մինչև մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում իր և այլ անձանց անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարներով ստեղծել է «Իդրամ» էլեկտրոնային վճարային համակարգի հաշվառման հաշիվներ՝ էլեկտրոնային դրամապանակներ: Այնուհետև 40 անձանց անվամբ լրացված, իրավունք վերապահող ակնհայտ կեղծ անձնագրեր ու նույնականացման քարտեր օգտագործելու միջոցով այդ հաշվառման հաշիվները նույնականացրել է՝ տալով դրանց «Պրեմիումպլյուս» կարգավիճակ: Ապա այդ հաշիվներով, նշված անձանց անվամբ բանկում առցանց ձևակերպել է ընդհանուր 41 հատ «Ռոքեթ» տեսակի վարկային պայմանագրեր և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է նշված պայմանագրերով հաստատված ու էլեկտրոնային դրամապանակներին մուտքագրված՝ առանձնապես խոշոր չափերով ընդհանուր շուրջ 25.4մլն ՀՀ դրամ գումարը, որը փոխանցել է 3 բուքմեյքերական ընկերությունների կայքերում իր անվամբ գրանցված և իր կողմից օգտագործվող խաղային հաշիվներին:

Բացի այդ, նույն անձը 2021թ. հունվարի 4-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, «facebook.com» սոցիալական կայքում ստեղծել է տարբեր անվանումներով օգտահաշիվներ, որոնց միջոցով նամակագրություն է վարել նույն կայքում գրանցված տարբեր անձանց հետ, վերջիններիս անվամբ Իդրամ էլեկտրոնային դրամապանակ գրանցելուն, դրանք նույնականացնելուն աջակցելու, բոնուսներ տրամադրելու պատրվակներով ստացել է նրանց բջջային հեռախոսահամարները, հեռախոսահամարներին «Իդրամ» վճարային համակարգից ստացված ծածկագրերը, ուղղորդել է նշված անձանց Իդրամ վճարային համակարգում «Իդրամ» դրամապանակները նույնականացնելու գործընթացում: Այնուհետև, ունենալով վերջիններիս անվամբ գրանցված և նույնականացված էլեկտրոնային դրամապանակների տվյալները, փոփոխել է դրամապանակներին կցված բջջային հեռախոսահամարները ու դրանց կցել է իր անվամբ գրանցված և իր կողմից օգտագործվող հեռախոսահամարներ, որից հետո՝ դրամապանակների միջոցով տարբեր անձանց անվամբ բանկում, վարկային կազմակերպությունում առցանց եղանակով ձևակերպել է վարկային պայմանագրեր և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է պայմանագրերով հաստատված ու իր կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակներին մուտքագրված առանձնապես խոշոր չափերով ընդհանուր՝ 13.5մլն ՀՀ դրամ գումարը, որը ևս փոխանցել է բուքմեյքերական կայքերում իր անվամբ գրանցված և իր կողմից օգտագործվող խաղային հաշիվներին:

Վ.Ք.-ն, նաև 2020թ. հուլիսին «ok.ru» սոցիալական կայքում «սոցիալական ապահովության աշխատակից» պայմանական անվամբ անհատական էջից նամակներ է ուղարկել նույն կայքում գրանցված մի քաղաքացու անհատական էջին և իրականությունը խեղաթյուրելով՝ Covid-19 համաճարակի օգնության ծրագրի շրջանակներում օգնություն տրամադրելու պատրվակով գրեթե նույն մեխանիզմով հափշտակել է քաղաքացու անվամբ ձևակերպված վարկային պայմանագրով հաստատված և իր կողմից կառավարվող «Telcell wallet» էլեկտրոնային դրամապանակին մուտքագրված զգալի չափերով գումարը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2021թ. դեկտեմբերի 22-ին Վ.Ք.-ին վերջնական մեղադրանք է առաջադրվելլ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ) 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (երկու դրվագ), 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), և 325-րդ հոդվածի 1-ին մասով (32 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

2022թ. հունվարի 4-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և ըստ էության քննելու համար քրեական գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Հաշվի անռելով, որ քննչական մարմինների վարույթում քիչ չեն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման նույնատիպ մեխանիզմներով կատարվող հացնագործության դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործերը՝ ՀՀ դատախազությունը քաղաքացիներին կոչ է անում ձեռնպահ մնալ նախապես չճշտված, չստուգված անձանցից, սուբյակտներից ստացվող՝ առցանց տարբեր հարթակներում գրանցած սեփական էջերի, վճարային համակարգերի հաշվառման հաշիվների ծածկագրերը, բջջային հեռախոսահամարները, անձնագրերի համարները և այլ անձնական տվյալները տարբեր պատրվակներով, պատճառաբանություններով իրենց տրամադրելու առաջարկներն ընդունելուց: Հորդորում ենք նաև նման հանցագործության ծուղակում հայտնվելու կասկածներ ունենալու դեպքում անմիջապես դիմել իրավապահ մարմիններին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել