ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Թադևոսյանի մահվան հանգամանքները:
Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:
Նախնական տեղեկություններով 2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10:50-ի սահմաններում, մարտական դիրքում, աջ հոնքի հատվածում հրազենային վիրավորում է ստացել շարքային Մովսես Արամայիսի Թադևոսյանը, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Նախաքննությամբ պարզվել է, որ Մ.Թադևոսյանին մահացու հրազենային վիրավորում է հասցրել համածառայակիցը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ 2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10։50-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Արամայիսի Թադևոսյանը (ծնվ. 2003թ.)՝ գլխի մասում հրազենային վիրավորումով։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Թադևոսյանը մահացել է։
Դեպքի առնչությամբ իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել է զոհված զինծառայողի ծառայակիցը։ Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մովսես Թադևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: