Հոգեբան և լիցենզավորված հոգեթերապևտ Արման Բեգոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի գործընկերներ՝ հոգեբաններ և հոգեբույժներ,
Բոլորս քաջատեղյակ ենք որ 2020թ-ի Արցախյան պատերազմի արդյունքում որոշակի թվով (ենթադրվում է որ այդ թիվը փոքր չէ) մարդկանց մոտ (հատկապես պատերազմական գործողություններին անմիջապես մասնակցություն ունեցած կամ ականատես եղած անձանց մոտ) զարգացել է ՀՏՍԽ (հետտրավմատիկ սթրեսային խանգարում), որի անքակտելի բաղադրիչներից են զանազան թրիգեռները, այսինքն տարաբնույթ ազդակները (բարձր ձայներ, պայթյուն, ճայթյուն և այլն) որոնց նկատմամբ առաջանում է գերզգայունություն։ Վերջիններիս առկայության պարագայում ՀՏՍԽ-ով անձի համար ցանկացած, նորմալ կենսապայմաններում չհանդիպող, բարձր և անսպասելի ձայն (օրինակ՝ հրավառության), կարող է ասոցացվել իրական վտանգ ենթադրող և նախկինում առնչություն ունեցած երևույթի հետ (օրինակ՝ ականի պայթյունի, մարտական դրոնի ձայնի) և առաջացնել բացասական, ոչ ցանկալի հուզական և վարքային հակազդումներ՝ պատճառելով ուղիղ վնաս հոգեկան առողջությանը։
Վերոնշյալով պայմանավորված կա մտադրություն քաղաքացիական նախաձեռնության ձևաչափով դիմել համապատասխան կառույցներին (ՀՀ Կառավարություն և ՀՀ ԱԻՆ)՝ ՀՀ տարածքում հրավառության համար տրամադրված թույլատրությունների ժամանակավորապես կասեցման, ինչպես նաև նորերի տրամադրման միառժամանակյա դադարեցման առաջարկով։ Նախաձեռնությանը միանալու և/կամ աջակցելու նպատակով կարող եք կապ հաստատել ինձ հետ իմ հիմնական կապի միջոցներով»,-նշել է նա։