Վերջին օրերի ընթացքում, իրականացվող մշտադիտարկման արդյունքների համաձայն, հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում` թե ամբուլատոր-պոլի կլինիկական և հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության առումով, թե շտապ օգնության կանչերում: Օրական կանչերի թիվը կազմում է 50-60 կանչ։ Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ շնչառական վարակներով պացիետների 80%-ը, մինչև 18 տարեկան երեխաներ են: Ներկա պահին ստացիոնար բուժում են ստանում 38 երեխա:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:
Ինչ վերաբերում է հանրապետությունում շրջանառող գրիպի հարուցիչներին, ապա հարկ է նշել, որ ստացիոնար և ամբուլատոր հիվանդներից իրականացվել է 10 նմուշի լաբորատոր հետազոտություն ՀՀ ԱՆ §ՀՎԿԱԿ¦ ՊՈԱԿ-ում վիրուսաբանական լաբորատորիայում, որի արդյունքում 7 հիվանդի մոտ հայտնաբերվել է գրիպ Ա H3N2 ենթատեսակը: Կլինիկական ախտանիշներն են` բարձր ջերմություն, գլխացավ, մկանացավ, թուլություն, կոշտ հազ: Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է.
1. խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
2. եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
3. եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
4. մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
5. հագնվե´ք եղանակին համահունչ,
6. պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
7. օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
8. հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
9. հետևե´ք անձնական հիգիենային։
Հետագա բարդություններից (բրոնխիտ, թոքաբորբ) խուսափելու համար, ժամանակին դիմեք բժշկի: