«Հրազդան» ՔԿՀ-ում խախտումների վերաբերյալ միջնորդագիր է ներկայացվել․ Դատախազություն

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ի նախկին աշխատակիցներ Ս. Մ.-ն և Ս. Ս.-ն նույն ՔԿՀ-ի կալանավորված անձ, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հիերարխիկ բարձրագույն աստիճան ունեցող անձի կողմից օգտագործվող՝ համացանցի հասանելությամբ բջջային հեռախոսը վերցնելուն ուղղված գործողություններ չկատարելու համար ընդունել են կաշառք տալու առաջարկը և տարբեր ժամանակահատվածներում ստացել են զգալի չափերով՝ համապատասխանաբար 32.000 և 16.000 ՀՀ դրամի չափով կաշառք:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Նկարագրված հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար 2021թ. դեկտեմբերի 14-ին նրանց ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հիերարխիկ բարձրագույն աստիճան ունեցող անձին (երկու դրվագ) ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրվել է մեղադրանք:

2021թ. դեկտեմբերի 27-ին քրեական գործը ՔԿՀ նշված երկու աշխատակիցների և կաշառք տվող անձի նկատմամբ հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Իրականացված նախաքննությամբ, ինչպես նաև դրա շրջանակներում դատախազական գործառույթների շրջանակներում վեր են հանվել հանցանքի կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները:

Մասնավորապես, պարզվել է, որ որոշ դատապարտյալներ և կալանավորված անձինք ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ում գտնվելու ժամանակահատվածում օգտագործել են համացանցի հասանելիությամբ բջջային հեռախոսներ, կազմակերպել և անցկացրել են մոլախաղեր, վերջիններիս խցերի դռները մշտապես գտնվել են բաց վիճակում: Օգտվելով դրանից, պահվող անձինք սահմանված կարգի խախտմամբ անարգել շրջել են հիմնարկի բնակելի գոտում, որոշ դատապարտյալների և կալանավորված անձանց հարազատների միջոցով հիմնարկի բնակելի գոտի է տեղափոխվել Կանոնակարգով արգելված առարկա հանդիսացող բջջային հեռախոսներ: 

Վերոնշալը վկայում է, որ ՔԿՀ-ում պատշաճ հետևողականություն չի դրսևորվել արգելված առարկա հանդիսացող բջջային հեռախոսների հայտնաբերման և հետագա շահագործումը դադարեցնելու ուղղությամբ, պատշաճ չի ստուգվել դատապարտյալներին և կալանավորված անձանց փոխանցվող հանձնուքները: Բացի այդ՝ տեսակցությունների ժամանակ կազմակերպվել է թերի հսկողություն, ինչի արդյունքում դատապարտյալները և կալանավորված անձինք ձեռք են բերել և տևական ժամանակ օգտագործել են համացանցի հասանելիությամբ բջջային հեռախոսներ: 

Բացի այդ, ակնառու է դարձել նաև, որ  ՔԿՀ-ի որոշ աշխատակիցներ ոչ աշխատանքային բնույթի կապ են պահպանում դատապարտյալների և կալանավորված անձանց հետ, քանակակազմից որոշ անձանց տրվում են արտոնություններ, նրանց կողմից թույլ տրված ներքին կանոնակարգի խախտումները չեն արձանագրվում, ինչը որոշակի իրավիճակներում կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն         կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունից միջնորդագիր է հղվել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետին՝ ձեռնարկելու գործուն միջոցներ հետագայում ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ում նմանատիպ դրսևորումները բացառելու համար: Միջնորդագրով բարձրացվել է նաև խախտումները և դրանց պատճառները պարզելու, ինչպես նաև դրանցում մեղավոր անձանց կարգապահական ներգործության ենթարկելու համար ուսումնասիրություններ անցկացնելու, խախտումներ թույլ տված անձանց պատասխանատվության հարցը լուծելու հարցը՝ դրանց արդյունքների մասին հայտնելով ՀՀ գլխավոր դատախազությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել