Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը մեր կարևոր նպատակներից մեկն է․ Նիկոլ Փաշինյան

Մենք հետաքրքրված ենք խաղաղության պայմանագրի կնքման և այդ բանակցությունների մեկնարկով շահագրգռված ենք։ Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցությունների մի օրակարգ էին առաջարկել, որի կետերից մեկը խաղաղ և համապարփակ կարգավորումներն էին։

«Մենք շահագրգռված ենք և չենք հրաժարվել այդ թեմայով խոսել։ Եթե մենք հռչակել ենք, որ խաղաղ զարգացման դարաշրջան ենք ուզում բացել մեր երկրի և տարածաշրջանի համար, անտրամաբանական կլինի, եթե ասենք՝ չենք ուզում լսել խաղաղության պայմանագրի մասին։ Խաղաղության պայմանագիրը մեր կարևոր նպատակներից մեկն է։ Մեծ հաշվով՝ բանակցությունները, որի մասին խոսում ենք, ինչի՞ մասին է։ Խաղաղության պայմանագրի, նաև հնարավոր դրույթների, բովանդակության  մասին ենք խոսում»,-նշեց Փաշինյանը։

Նա նշեց, որ բանակցությունների ընթացքում Ադրբեջանը փորձելու է այնպես անել, որ իր շահերը առավել արտահայտված լինեն ու Հայաստանն էլ է նույն կերպ վարվելու․ «Եթե մեզ հաջողվի ձևակերպել խաղաղության այնպիսի մոդել, որը ձեռնտու կլինի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, այդ պարագայում գուցե բանակցային սեղանը ավելի պակաս հակադրության դաշտ լինի և ավելի շատ դիմացինի տեսակետը հասկանալու և այդ տեսակետներից ընդունելի դրույթների դուրս բերելու և սխեմա ձևավորելու հնարավորություն լինի»։

Փաշինյանի խոսքով՝ Սոչիում ու Բրյուսելում տեղի ունեցած բանակցություններից հետո նման նախադրյալներ կան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել