Հիմա մի դրվագ պատմեմ մեր համատեղ աշխատանքի բազմաթիվ դրվագներից. Հայկ Մարության

Երևանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, արտահերթ նիստ է գումարել․ քննարկվում է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին հարցը։

Քաղաքապետ Հայկ Մարությանը ելույթ ունեցավ, որում նշեց․

«Լռել եմ, ներքաղաքական իրավիճակը չսրելու համար, բայց այսօր Քաղաքացիական պայմանագրի թիմը համարում է, որ պետության վիճակն այնքան կայուն է, որ շատ հարմար պահ է քաղաքապետարանում հեղաշրջում  անելու համար, ուստի ես արդեն կարող եմ ինձ թույլ տալ ժողովրդի հետ խոսել այս ամենի մասին։ Վերադառնանք, ինձ ներկայացված անվստահության հիմքերին․ Ասում են՝ Հայկ Մարությանը նախընտրական խոստումմները բավարար չափով չի իրագործում։ Կներեք, բայց այս հարցում ինձ համար կարևոր է երևանցիների կարծիքը և գնահատականը և հատկապես վերջին օրերին, երևանցիներն իրենց գնահատականները շատ հստակ տալիս են, ինչի համար ի դեպ, շատ շնորհակալ եմ ձեզ, սիրելի երևանցիներ։

Հետո, նախաձռնող խումբն ասում է՝ կոռուպցիայի կանխարգելման դեմ պայքարի տեմպերը բավարար չեն, ուրեմն ասեմ՝ այս 3 տարվա ընթացքում քաղաքապետարանի վերահսկողության վարչաությունը հարյուրավոր ստուգումներ է իրականացրել համակարգի ներսում, որոնց արդյունքում 64 գործ ուղարկվել է իրավապահ մարմիններին։ Բացի դրանից իրականացվել է 59 աուդիտորական ստուգում, որոնց արդյունքում 10 գործ ուղարկվել է իրավապահ մարմիններին։

Բացի այս ամենից վարչական շրջանների աշխատակազմերն իրենք իրենց հերթին տասնյակ դեպքեր են բացահայտել և նույնպես ուղարկել իրավապահ մարմիններին։

Վստահաբար ասում եմ՝ քիչ կգտնեք գերատեսչություններ կամ չեք գտնի, որ իրենց համակարգի ներսում եղած կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ ավելի շատ նյութեր ուղարկած լինեն իրավապահ մարմիններին, որքան մենք ենք ուղարկել։ Գնացեք, հարցրեք, վիճակագրություն ուզեք, տեսնեք ով է ավելի լավ պայքարում կոռուպցիայի դեմ։

Ասում են՝ քաղաքապետը կորցրել է կապը ավագանու ֆրակցիայի հետ, այո, կորցրել եմ։ Հիմա պատմեմ մի դրվագ մեր համատեղ աշխատանքի բազմաթիվ դրվագներից, որ պարզ լինի, թե ինչու է դա տեղի ունեցել։ Բոլորս գիտենք տրանսպորտի վիճակը Երևանում և բոլորս գիտեք, որ օր առաջ պետք է այս հարցին լուծում տալ։

Այս նպատակով անցած տարվանից սկսել ենք ավտուբուսներ գնել համայնքի միջոցներով։ Տենդեր էինք հայտարարել 8․6 մետրանոց ավտոբուսներ ձեռք բերելու համար, որը կայացել էր և պետք է ավագանին համաձայնություն տար, որ գումար հատկացնեին գնման համար, դա 2021 թվականի փետրվարն էր, ահռելի ծավալի աշխատանք էինք կատարել և ավագանին ընդամենը պետք է գար և քվեարկեր։ Որոշումը կարողացանք ընդունել միայն ավագանու ընդդիմադիր և անկախ անդամների ներկայության շնորհիվ + մեկ ձայնով, այսպես ասած՝ ծայրը ծայրին։

Այս մասրդիկ, փաստացի ուզում էին մեկ միլիոնանոց քաղաքը թողնել առանց ավտոբուսների միայն մի բանի համար, որ ասեին, որ Հայկ Մարությանը չի կարողանում կատարել իր նախընտրական խոստումները; Այսինքն՝ ներխմբակային շահը վեր են դասում մի ամբողջ համայնքի շահից։ Ու թող հեքիաթներ չպատմեն, թե իբր Կառավարությունը ուզում է ավելի լավ ավտոբուսներ բերել։ Բերող էիք բերեիք։ Մենք 850 ավտոբուսի կարիք ունենք 211-ի գնումն էինք անում այդ պահին, մնացածն էլ դուք բերեիք, 3 տարի ժամանակ ունեիք, բերեիք, այսօր բերեիք, վաղը բերեք, մի բան բերքեք։

Այսքանից հետո խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարաբերություններ ես պետք է ունենամ ավագանու այս ֆրակցիայի հետ։

Իսկ հիմա խոսենք այն մասին, թե ինչ ցածր մեթոդներով են այս մարդիկ իրականացնում իմպիչմենթի գործընթացը։ Սկզբում՝ մամուլում սուտ լուրեր տարածեցին, թե իբր հանդիպել եմ ինչ-որ նախկին պաշտոնյաների հետ, ինչ-որ բաներ եմ պայմանավորվել։ Մանիպուլացնում են, թե ինչ-որ նախկին պաշտոնյաների տներ եմ օրինականացրել, բայց չգիտես ինչու, չեն նշում, որ դա օրինականացվել է Կառավարության 912 N որոշման հիման վրա, որի դեմ մենք 3 տարի է պայքարում ենք, բայց Կառավարությունն այդ որոշումը համառորեն թողնում է ուժի մեջ, որ այդ նույն որոշմամբ իրականացվում են նաև իշխանության ներկայացուցիչների ինքնակամ կառույցները, որովհետև մենք ստիպված ենք շարժվել Կառավարության որոշումներով, դա օրենք է, այլ տարբերակ չկա։ Դեզինֆորմացիայից ու մանիպուլիացայից հետո, սկսեցին գործի դնել շանտաժի գործիքները։ Ինչպես արդեն լսեցիք և վստահ եմ, որ տեղեկացել եք համացանցից ավագանու մի շարք անդամներին ստիպել են ստորագրել իմ անստահության որոշման տակ։ Բառացի՝ մեկին սպառնացել են աշխատանքից հանել, մյուսին ասում էին փողիցդ կկտրենք, և այլն, և այլն, և այլն։

Կարճ ասած՝ ես այս ամբողջ պրոցեսը համարում եմ անարգանք ժողովրդավարության հանդեպ և անարգանք Երևանցու քվեի հանդեպ։ Կարծում եմ ձեր սկսածը միևնույն է ավարտին եք հասցնելու, ուստի, քանի դեռ քաղաքապետ եմ, խնդրում եմ քաղաքաի բոլոր ծառայությունների ղեկավարներին՝ ձեր ծառայություններն իրականացնել մաքսիմալ պատասխանատվությամբ, բարձր կարգապահությամբ, բազմապատկված նվիրումով, դուք պարտավոր եք ապահովել երևանցիների անվտանգությունը և կոմֆորտը։ Շնորհակալություն եմ հայտնու բոլոր աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել