Ո՞վ չգիտի, որ կան հիմնարկներ, որոնց փաստացի ղեկավարումն իրականացնում է քաղաքապետի կինը․ Դավիթ Խաժակյան

Հայկ Մարությանը, ինչպես պատեհապաշտորեն, պահից ելնելով մտավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, այդպես էլ պատերազմից հետո դուրս եկավ ՔՊ-ից։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու վերաբերյալ արտահերթ նիստի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

«Հայկ Մարությանն ասում է, որ երկիրը ֆեյսբուքով չեն կառավարում։ Ինձ հետաքրքիր է, տեսնես ու՞մ է ասում, պարոն Մարությանը, այն պայմաններում, երբ այս դահլիճում, այս շենքում չկա մարդ, ում հայտնի չէ, թե նա ժամը քանիսին է աշխատանքի գալիս տարիներ շարունակ ու քանիսին գնում։ Երբ ես մարդկանց պատմում էի, որ դա ժամը 12-ն է, 1-ն է և մի քանի ժամ աշխատում է, հաճախ նույնիսկ դժվար է փոստ զեկուցել, շատերը զարմանում և գուցե չէին հավատում։ Էդ ֆեյսբուքով կառավարելը այլ կե՞րպ է լինում։ Ես սա եմ ուզում հասկանալ»,-ասաց նա։

Դավիթ Խաժակյանի խոսքով՝ Հայկ Մարությանը 2018 թվականին տվել է մեծ ծավալների պարգևավճարներ, որոնք անգամ հրաժարարվել է հրապարակել, որպես քաղաքապետի որոշում, ինչի ուղիղ պարտավորությունն ունեցել է։

«Ասում է՝ զանգահարում էին, ասում էին, որ այս մարդկանց ծանոթներին, բարեկամներին արտոնություններ տուր։ Իսկ կա՞ ինչ-որ մեկը, ով չգիտի, թե ինչ կապերի մեջ է եղել Հայկ Մարությանը նախկինում «Երևանտրանսի» տնօրենի հետ, ով պաշտոնից ազատվեց ու ըստ մամուլի հրապարակումների, քրեական գործերի հետևանքով հիմա Հայաստանում չէ։ Էդ կապերը կիսաազգակցական, իսկ ավելի շուտ՝ քավոր-սանիկական, ոչ մեկ չգիտե՞ր, որ այդպես է նշանակել։ Իսկ սրա մասի՞ն ինչու չի խոսում։ Ես չեմ հասկանում։

Մամուլը պարբերաբար գրում էր և սա ես ինձ անհարմար եմ անգամ զգում էս թեմայից խոսելուց, բայց ով չգիտե՞ր կամ հիմա ո՞վ չգիտի, որ կային հիմնարկներ և կան հիմնարկներ, որոնց փաստացի ղեկավարումն իրականացնում է քաղաքապետի կինը․ աշխատանքի նշանակում, աշխատանքից ազատում․․․»,-ասաց Դավիթ Խաժակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել