Ինչպե՞ս է գրանցվում վարկային կազմակերպության մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը

Վարկային կազմակերպությունը կարող է «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքով և Կենտրոնական բանկի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում կամ օտարերկրյա պետություններում բացել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, որոնք կարող են գործել Կենտրոնական բանկում գրանցման պահից: Օտարերկրյա պետություններում վարկային կազմակերպությունների մասնաճյուղերը և ներկայացուցչությունները ստեղծվում են տվյալ պետության օրենսդրությանը և (կամ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

Վարկային կազմակերպության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման կարգը, գրանցման համար պահանջվող տեղեկությունների և փաստաթղթերի ցանկը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

Վարկային կազմակերպության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման դիմումը Կենտրոնական բանկի նախագահը բավարարում է կամ մերժում է մեկամսյա ժամկետում: Դիմումի բավարարման դեպքում Կենտրոնական բանկը գրանցում է մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը և տալիս է գրանցման վկայական, իսկ մերժելու դեպքում մերժման հիմքերի մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնում է վարկային կազմակերպությանը:

Վարկային կազմակերպությունը կարող է ժամանակավորապես դադարեցնել իր մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեությունը՝ դադարեցումից մեկ շաբաթ առաջ Կենտրոնական բանկին տեղեկացնելով դադարեցման և դրա ժամկետի մասին:

Կենտրոնական բանկը մերժում է մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման դիմումը, եթե՝
ա) ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ.
բ) ներկայացված փաստաթղթերը թերի են, ամբողջական չեն կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին.
գ) դիմումի տրման պահին, ինչպես նաև դիմումի քննարկման ժամանակահատվածի ընթացքում վարկային կազմակերպությունը խախտել է Կենտրոնական բանկի սահմանած հիմնական տնտեսական նորմատիվներից թեկուզ մեկը:

Կենտրոնական բանկի կողմից վարկային կազմակերպության մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը գրանցումից հանվում է՝
ա) վարկային կազմակերպության դիմումի հիման վրա՝ դիմումի տրման պահից մեկշաբաթյա ժամկետում.
բ) վարկային կազմակերպության լուծարման դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել