ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստի ժամանակ այսօր՝ դեկտեմբերի 16-ին, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը իր ելույթի ժամանակ նշեց, որ միջազգային ատյաններում ավելի է դժվարացել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ մշտական ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի աշխատանքը, որովհետև Հայաստան վերադարձած ռազմագերիները կալանավորվել են:
«Իմ ահազանգը այն մասին էր, թե ի՞նչ ենք անելու: Ես ակնկալում էի պրոֆեսիոնալ պատասխան, բայց նույնիսկ պարոն Կիրակոսյանը էմոցիոնալ արձագանքեց և ինչ-որ խեղաթյուրումների մասին խոսեց ՄԱԿ-ի միջազգային դատարանի ակտի վերաբերյալ, որը որպես հայցի ապահովման միջոց կիրառվել է նաև մեր երկրի դեմ: Այո Հայաստանի և Ադրբեջանի միջև դրվեց հավասարության նշան»,- նշեց Թովմասյանը:
Ըստ նրա՝ ՄԱԿ-ի որոշումը ոչ միանշանակ վերաբերմունք է Հայաստանի նկատմամբ:
«Ինչո՞ւ չհաջողվեց ունենալով Ադրբեջանի դեմ այդքան փաստարկներ, որ տեղի է ունեցել պատերազմական հանցագործություն, արգելված զինատեսակներով հարձակվել են մեզ վրա, խոշտանգել են մեր գերիներին և քաղաքացիներին: Այդ պայմաններում Ադրբեջանի և մեր միջև նույնաբովանդակ հայցի ապահովման միջոց է կիրառվում: Ավելի բովանդակային քննարկելու փոխարեն պաթոսախեղդ ելույթները չեն օգնելու իրավիճակին»,- հարցրեց Թովմասյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ դիմելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին նշեց, որ նրա ելույթը լավագույն օրինակ էր, որոնք պարոն Կիրակոսյանին և նրա թիմին խանգարում են միջազգային ատյաններում:
«Ինչ վերաբերվում է Ձեր հնչեցրած մտքերին, դրանք Ձերը չէին իհարկե, այլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևինն էին: Չի կարելի ուղղակի Ադրբեջանի նախագահի խոսքերը, որոնք բոլորիս ակնհայտ է, թե ինչ պատճառներով են ասվում, բերել ու կրկնել Ազգային ժողովում՝ առանց հերքման: Դուք Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ եք, դնում եք Ադրբեջանի նախագահի ասածը ուղղակի վերարտադրո՞ւմ, իբր հայ գերիները, որոնք վերադարձվել են Հայաստան խոշտանգվում են Հայաստանում և չեք հերքո՞ւմ: Երբ ձերբակալվում է կամայական մի իբր ընդդիմադիր հայացքներ ունեցող, իսկ իրականում՝ կաշառակեր և փող ուտող ցանկացած մի բան, դատարանի առաջ մեխված եք լինում 5 րոպեի ընթացքում: Չեք գնացե՞լ այդ գերիների դեպքում: Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ եք, ինչո՞ւ չեք գնացել այնտեղ, ինչո՞ւ չեք գալիս այստեղ ու ասում, որպես ընդդիմության ներկայացուցիչ, որ նման բան չկա»,-հարցրեց Ալեքսանյանը:
Պատգամավորի ելույթի ժամանակ Թագուհի Թովմասյանը տեղից արձագանքեց, որին Ալեքսանյանը այսպես արձագանքեց․ «Եթե աշխարհում տեղի ունենա ստի և զրպարտության առաջնություն, ապա նրա թերթը այնտեղ ուղղակի անգերազանցելի կլինի»: