Ադրբեջանական կողմը հնարավորություն չի ընձեռում՝ Թաղավարդի բնակիչներն այցելեն գերեզմանատուն. մարդիկ իրավունք ունեն իրենց հարազատների հիշատակը հարգել․ Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել՝ պետական մարմինների, ռուսական խաղաղապահ զորակազմի, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան և հումանիտար առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ Թաղավարդի բնակիչները զրկված են իրենց հարազատների շիրիմներին այցելելու հնարավորությունից։

«Թաղավարդ համայնքի բնակիչների կողմից անցած մեկ տարվա ընթացքում անընդհատ բարձրաձայնվել է համայնքի գերեզմանատան հասանելիության հարցը, որը 2020 թվականի պատերազմի հետևանքով անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Գերեզմանատունը գտնվում է համայնքի օկուպացված հատվածում, որն ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու համայնքի այն հատվածից, որում այսօր ապրում են Թաղավարդի բնակիչները։

Մարդիկ իրավունք ունեն իրենց հարազատների հիշատակը հարգելու՝ այդ թվում նաև նրանց գերեզմաններին այցելելու հնարավորություն ունենալով։ Սակայն ադրբեջանական կողմը որևէ ըմբռնում չի դրսևորում և հնարավորություն չի ընձեռում համայնքի բնակիչներին։

Հումանիտար բնույթ կրող այս հարցի վրա եմ ուզում հրավիրել պետական մարմինների, ռուսական խաղաղապահ զորակազմի, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան և հումանիտար առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը։

Ընդ որում, այս կարևորագույն հարցը հավասարապես վերաբերում և մտահոգում է ոչ միայն Թաղավարդի բնակիչներին, այլև Արցախի օկուպացված տարածքների բոլոր բնակիչներին», – նշված է հայտարարությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել