Ապրանքի կամ ծառայության հավաստագրային նշան ստանալու կարգը

Հավաստագրային նշանները (ապրանքային նշան, որն օգտագործվում է ապրանքների կամ ծառայությունների որոշակի բնութագրերի համապատասխանության հավաստման համար) կարող են գրանցվել Մտավոր սեփականության գործակալությունում այն հավատարմագրված հավաստագրման մարմինների կողմից, որոնք օրենքով սահմանված կարգով իրականացնում են ապրանքների և (կամ) ծառայությունների համապատասխանության հավաստագրում: Հավաստագրային նշանները չեն կարող գրանցվել ապրանքներ արտադրող, ներմուծող, իրացնող կամ ծառայություններ մատուցող իրավաբանական անձանց անունով։

Հաշվի առնելով այս դրույթները` հավաստագրային նշանների նկատմամբ հավասարապես կիրառվում են ապրանքային նշաններին վերաբերող օրենքի դրույթները:

Հայտատուն, բացի օրենքով պահանջվող այլ փաստաթղթերից, հավաստագրային նշանի գրանցման հայտ ներկայացնելու հետ միաժամանակ ներկայացնում է՝
1) հավաստագրային նշանի օգտագործման կանոնակարգը.
2) թույլտվություն կամ փաստաթուղթ, որը հաստատում է հայտատուի՝ հավաստագրման գործունեություն իրականացնելու իրավասությունը կամ համապատասխան դեպքում ծագման երկրում հավաստագրային նշանի գրանցված լինելը։

Հավաստագրային նշանի օգտագործման կանոնակարգով որոշվում են անձինք, որոնք իրավունք ունեն օգտագործելու հավաստագրային նշանը, տարրերն ու բնութագրերը, որոնք պետք է հավաստագրային նշանով հավաստվեն, հավաստագրման մարմնի կողմից այդ բնութագրերի ստուգումն անցկացնելու կարգն ու հավաստագրային նշանի օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը, կանոնակարգի խախտման համար նախատեսված պատժամիջոցները, հավաստագրային նշանի օգտագործման համար սահմանված վճարները, տարաձայնությունների կարգավորման ընթացակարգերը։

Հավաստագրային նշանի օգտագործումը թույլատրվում է ցանկացած անձի, որն առաջարկում է ապրանքներ կամ մատուցում ծառայություններ, որոնք համապատասխանում են հավաստագրային նշանի օգտագործման կանոնակարգի դրույթներով սահմանված բնութագրերին և դրա պահանջներին։

Հավաստագրային նշանի իրավատերն իրավասու անձանց թույլատրում է հավաստագրային նշանի օգտագործումն այն ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ, որոնք համապատասխանում են հավաստագրային նշանի օգտագործման կանոնակարգի դրույթներով սահմանված բնութագրերին։

Եթե հավաստագրային նշանի օգտագործման իրավունք ունեցող անձը չի պահպանում հավաստագրային նշանի օգտագործման կանոնակարգի դրույթները, ապա դրա իրավատերն իրավունք ունի հետ կանչելու տվյալ անձի՝ հավաստագրային նշանի օգտագործման թույլտվությունը կամ կիրառելու դրա կանոնակարգով սահմանված այլ պատժամիջոցներ։

Բացի ապրանքային նշանի գրանցման մերժման հիմքերից, հավաստագրային նշանի գրանցումը կարող է մերժվել նաև, եթե նշանը չի համապատասխանում վերոնշյալ դրույթներին, ինչպես նաև հավաստագրման մասին օրենսդրության նորմերին։

Հավաստագրային նշանը չի կարող լինել իրավունքների փոխանցման, գրավադրման պայմանագրի, ինչպես նաև հարկադիր կատարման միջոցների առարկա։ Հավաստագրային նշանի իրավատեր հանդիսացող իրավաբանական անձի լուծարման դեպքում այդ նշանը կարող է օրենքով սահմանված կարգով փոխանցվել այլ իրավաբանական անձի։

Բացի նախատեսված ապրանքային նշանների անվավերության հիմքերից, հավաստագրային նշանի գրանցումը կարող է ցանկացած անձի ներկայացրած հայցի քննարկման արդյունքում դատարանի վճռի հիման վրա անվավեր ճանաչվել, եթե այն չի համապատասխանում վերը սահմանված պայմաններին։

Եթե հավաստագրային նշանի պահպանությունը դադարել է, ապա այդ թվականից հետո` տասը տարվա ընթացքում, այն ենթակա չէ գրանցման կամ օգտագործման այլ նպատակների համար։

Հավաստագրային նշանի օգտագործման կանոնակարգը Մտավոր սեփականության գործակալությունը հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում՝ հավաստագրային նշանի գրանցման մասին տեղեկությունների հետ միաժամանակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել