Շենքի կամ շինության վարձակալության պայմանագրով դրա տիրապետման և օգտագործման իրավունքների փոխանցման հետ միաժամանակ վարձակալին են փոխանցվում հողամասի այն մասի նկատմամբ իրավունքները, որն զբաղեցված է այդ շենքով կամ շինությամբ և անհրաժեշտ է դրա օգտագործման համար:
Այն դեպքում, երբ վարձատուն այն հողամասի սեփականատերն է, որի վրա գտնվում է վարձակալության հանձնվող շենքը կամ շինությունը, հողամասի համապատասխան մասի նկատմամբ վարձակալին տրամադրվում է վարձակալության իրավունք կամ շենքի կամ շինության վարձակալության պայմանագրով նախատեսված այլ իրավունք:
Եթե հողամասի նկատմամբ վարձակալին փոխանցվող իրավունքը սահմանված չէ պայմանագրով, շենքի կամ շինության վարձակալության ժամկետով նրան է անցնում հողամասի այն մասի օգտագործման իրավունքը, որն զբաղեցված է շենքով կամ շինությամբ և անհրաժեշտ է դրա օգտագործման համար:
Վարձատուին սեփականության իրավունքով չպատկանող հողամասի վրա գտնվող շենքի կամ շինության վարձակալությունը թույլատրվում է առանց այդ հողամասի սեփականատիրոջ համաձայնության, եթե դա չի հակասում այդպիսի հողամասի օգտագործման` օրենքով կամ հողամասի սեփականատիրոջ հետ պայմանագրով սահմանված պայմաններին:
Իրավաբան.net