Կոշիկները չմաքրելու համար տղամարդը ծեծի է ենթարկել կնոջը և տուգանվել 60 հազար դրամով

Քաղաքացի Ա․Ղ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս իր կոշիկները չմաքրելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ծեծել է կնոջը։

Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Մասնավորապես, Ա․Ղ․-ն աշխատանքի գնալու ժամանակ նկատել է, որ իր կոշիկները մաքրած չի, որի համար զայրացել է կնոջ՝ Ն․Ղ․-ի վրա, այդ պատճառով նրանց միջև վիճաբանություն է ծագել , որի ընթացքում Ա.Ղ․-ն ոտքերով և ձեռքերով մի քանի անգամ հարվածներ հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով՝ գլխի ծոծրակային շրջանի, աջ և ձախ ուսահոդերի շրջանների մեկական այրունազեղումների, աջ դաստակի թվով չորս հատ, ձախ նախաբազկի թվով չորս, ձախ դաստակի թվով երկու հատ քերծվածքների ձևով, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Կատարած հանցավոր արարքի համար Ա․Ղ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Թաթուլ Պողոսյանի, 2021 թվականի օգոստոսի 19-ին որոշել է Ա․ Ղ․-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նշանակել պատիժ տուգանքի ձևով՝ նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկի չափով 60000/վաթսուն հազար/ ՀՀ դրամ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել