Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նոյեմբերի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպման շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության և զինծառայողների շարունակվող նպատակային սպանությունները որակել է որպես «հատուկենտ, պատահական միջադեպեր»։ Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան պատահական միջադեպերի անվան տակ Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների լայնածավալ և համակարգային ոտնահարման՝ վերջին տասնամյակների ընթացքում իրականացվող քաղաքականության հերթական դրսևորումները քողարկելու փորձ։
Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից հայերի վրա հարձակումները, այդ թվում՝ 2021 թվականի հոկտեմբերի 9-ին Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստի և 2021 թվականի նոյեմբերի 8-ին Շուշի քաղաքի մերձակայքում վերանորոգման աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձի սպանությունները, Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների գնդակոծությունները կրում են դիտավորյալ բնույթ և իրականացվել են՝ որպես հայերի նկատմամբ հետապնդումների ադրբեջանական քաղաքականության շարունակություն։
Ադրբեջանական հետապնդումների քաղաքականությունը ծայրահեղ դաժանությամբ արտահայտվում է հատկապես, երբ Արցախի կամ Հայաստանի քաղաքացիները հայտնվում են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերին ագրեսիայի ընթացքում Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում մնացած բոլոր խաղաղ բնակիչները դաժանաբար սպանվել են Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։ Այն դեպքերում, երբ հնարավոր է եղել իրականացնել սպանվածների դատաբժշկական փորձաքննություններ, պարզվել է, որ նրանք մահից առաջ ենթարկվել են խոշտանգումների։ Որոշ դեպքերում խաղաղ բնակիչների սպանությունները նկարահանվել և տարածվել են ադրբեջանական սոցիալական ցանցերում՝ զոհերի հարազատներին առավելագույն հոգեբանական տառապանք պատճառելու և Արցախի բնակչությանն ու ընդհանրապես հայերին ահաբեկելու նպատակով։ Դաժան խոշտանգումների են ենթարկվել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայ զինվորականները, որոնցից շատերը ևս սպանվել են։ Փրկված մի քանի զինծառայողներն էլ ապօրինի դատապարտվել են Ադրբեջանում և շարունակում են պահվել այդ երկրի իշխանությունների կողմից որպես պատանդ։
Նման հանցավոր քաղաքականության առաջին զոհն է դարձել Ադրբեջանում բնակվող հայությունը դեռևս խորհրդային տարիներին։ Ադրբեջանական իշխանությունների կողմից 1988-1990 թվականներին կազմակերպված տեղահանումները, որոնք ուղեկցվում էին զանգվածային սպանություններով, խոշտանգումներով և ջարդերով, հիմք դրեցին հայերին հետապնդելու ադրբեջանական քաղաքականությանը, որը շարունակվում է ցայսօր։ 1991 թվականին Ադրբեջանի իշխանություններն արդեն սկսել էին հայերի արտաքսումը Արցախից «Օղակ» գործողության շրջանակներում, որը դարձավ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հետագա լայնածավալ ագրեսիայի նախաբանը։ Լայնածավալ պատերազմն Արցախի Հանրապետության դեմ, որը տևեց մի քանի տարի՝ մինչև 1994 թվականը, Ադրբեջանի կողմից հայերին իրենց հողերից վերջնականապես վտարելու փորձ էր։