Քաղաքացի Կ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել իր անչափահաս որդուն ծեծի ենթարկելու համար։
Ինչպես հայտնում է Իրավաբան․net-ը, Կ.Ս.-ն և Հ․Մ․-ն ամուսնալուծվել են, որից հետո Կ.Ս.-ի դիմումի հիման վրա՝ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վճռով որոշվել է, որպեսզի Կ.Ս.-ն յուրաքանչյուր հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին ժամը 09:00-ից մինչև երեկոյան ժամը 19:00-ն, իսկ շաբաթ օրերին՝ գիշերակացով տեսակցի անչափահաս որդուն։
Հայրը որդուն հերթական անգամ տեսակցելու նպատակով որդուն իր ավտոմեքենայով Վեդի քաղաքի պոլիկլինիկայի մոտակայքից տեղափոխել է իր տուն, որի ընթացքում ավտոմեքենայի մեջ երեխայի լացելու և կամակոր վարքագիծ դրսևորելու պատճառով ծեծել է նրան՝ ձեռքերով դիտավորությամբ 4 անգամ հարվածել է երեխայի աջ այտին, 3 անգամ՝ ձախ այտին, 1 անգամ՝ գլխին, ինչի հետևանքով վերջինիս պատճառել է ֆիզիկական ցավ և աջից թշային շրջանի արյունազեղման ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Կատարած հանցավոր արարքի համար Կ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, նախագահությամբ Թաթուլ Պողոսյանի, հայրը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նշանակել պատիժ տուգանքի ձևով՝ 80000 հազար ՀՀ դրամի չափով։