«2020 թվականին Հայաստանի կրած պարտությունից հետո սահմանային լարվածությունը հատկապես Գեղարքունիքի և Սյունիքի հատվածում շարունակվում է։ Այս ամենը հետևանք է նրա, որ ՀՀ այսօրվա իշխանությունները համակերպվել են պարտվողական քաղաքականության հետ, և թուրքը հայտնվել է ՀՀ սահմաններում»,- հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, թե հակառակորդը մեր իշխանություններին գցել է խաղաղության խաբկանքի մեջ։
«Երևան-Գորիս մայրուղին, ըստ էության, գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Թուրք-ադրբեջանական տանդեմի համար ճանապարհների, ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրը մնում է որպես հիմնական գործողություն, ըստ էության՝ Զանգեզուրի միջանցք գաղափարն առաջ տանելու համար։ Ճանապարհների ապաշրջափակումը բերելու է Հայաստանի և Արցախի ավելի խորը շրջափակման, տնտեսական ճնշման և ժողովրդագրական պատկերի փոփոխության», – ասաց Սեյրան Օհանյանը։
Պատգամավորը նշեց, թե ՀՀ իշխանությունները որևէ հետևություն չեն կատարում այս իրականության մեջ։