Մեկնարկել է Պոլիտեխնիկի տարեկան գիտաժողովը․ կներկայացվի 301 հեղինակների 161 զեկուցումներ

Ս․թ․ նոյեմբերի 15-ին Պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկեց ՀԱՊՀ տարեկան գիտաժողովի առաջին առցանց լիագումար նիստը։ Գիտաժողովի բացմանը ներկա էին ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը, ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, պրոռեկտորներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։

«Ողջունելով տարեկան գիտաժողովի մասնակիցներին, բացման խոսքով հանդես եկավ ռեկտոր Գ․ Վարդանյանը։

Ռեկտորը գիտաժողովի մեկնարկի կապակցությամբ հաջող ընթացք մաղթեց սեկցիաների աշխատանքներին․ «Լիահույս եմ, որ այս օրերի ընթացքում գիտական ենթախմբերում իրականացված գիտական մտքերի փոխանակման և այս տարվա ընթացքում պատրաստված գիտական աշխատանքների և գիտական մշակումների ներկայացման ընթացքը լինելու է խիստ բովանդակային և ընդգծված։ Այդ բովանդակային ընդգծվածությանը մենք հնարավորություն կունենանք հանդիպելու նոյեմբերի 19-ի ամփոփիչ նիստում և կգնահատենք արդյունքները։

Հաշվի առնելով, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ինժեներական բարձրագույն ուսումնական հաստատություն և գիտական կազմակերպություն է, լիահույս եմ, որ ներկայացված աշխատանքների որակը արտահայտված կլինի գիտական և ստեղծագործական միջավայրում։ Այս առումով առաջարկում եմ, որ նոյեմբերի 19-ին, երբ հնարավորություն կունենանք գնահատել արդյունքները, հստակ ուղղություններով մեր առջև դրվեն խնդիրներ, թե ինչպես պետք է գիտական մշակումները կյանքի կոչվեն։

Այսպիսով, հնարավորություն կունենանք ոչ միայն տեսականորեն ծանոթանալու այդ աշխատանքներին, այլև այդ աշխատանքների արդյունքը ունենալ իրական կյանքում։ Ինչպես բոլոր ժամանակներում, առավել ևս 21-րդ դարում, եթե գիտական աշխատանքների արդյունքները չեն արտահայտվում տնտեսության մեջ, ապա դրանց հանդեպ վերաբերմունքը այլ է լինում։ Կցանկանամ, որ տարեկան գիտաժողովի ընձեռած հնարավորությունը օգտագործենք համատեղ գործընկեր գիտական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ որակապես նոր գիտական միջավայր ունենալու համար։

Մենք որդեգրել ենք այն քաղաքականությունը, որ ոչ միայն Գիտության կոմիտեի կողմից տրվող ֆինանսական դրամաշնորհների միջոցով ենք գիտություն իրականացնելու, այլև 2022 թվականի  բյուջեում նախատեսելու ենք միջոցներ գիտությունը ֆինանսավորելու համար։ Հետևաբար` կցանկանամ, որ այն գիտական քննարկումներն ու զեկույցները, որոնք կհնչեն այս օրերի ընթացքում, դիտարկվեն այն համատեքստում, որ դրանք ունեն իրականանալու հնարավորություն»,-նշեց ռեկտորը։ Գ․Վարդանյանը պատրաստակամություն հայտնեց ցանկացած նախաձեռնություն առարկայականացնելու, դրա համար անհրաժեշտ միջավայր և միջոցներ ներգրավելու համար։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հ․ Մուսայելյանը․ «Այս գիտաժողովը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գիտական համայնքի ձեռքբերումների և տեխնոլոգիական նվաճումների մասին կարևորագույն հաշվետվություն է։ Վստահ եմ, որ գիտաժողովում կենտրոնացված է համալսարանի ողջ գիտատեխնոլոգիական ներուժը։

Այն չափազանց կարևոր է հատկապես երիտասարդ գիտաշխատողների համար։ Նշվեց, որ այս տարի 301 գիտական աշխատանք է ներկայացված գիտաժողովում։ Բոլորս գիտենք, որ 301 թիվը մեր պետության, մեր ազգային ինքնության համար կարևոր թիվ է և կցանկանայի, որ խորհուրդ լիներ այս ամենում։ Ռեալ գիտությունը պետք է լինի միայն համալսարաններում և որևէ գործարար կամ բիզնեսի ներկայացուցիչ, որը հեռահար ծրագրեր ունի Հայաստանում իրականացնելու, չպետք է տրտնջա, որ բուհը որակյալ կադրերով չի ապահովում, եթե իրենք որևէ համագործակցության եզր չեն գտնում բուհի հետ»,-նշեց Հ․ Մուսայելյանը։

Աշխատանքների մեկնարկի կապակցությամբ Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը մասնակիցներին մաղթեց աշխատանքային, գիտական և հետազոտական հաջողություններ իրենց գործունեությունում։

Հինգ օրերի ընթացքում զեկուցումներով հանդես կգան համալսարանի մասնագետները և երիտասարդ սերնդի ներկայացուցիչները՝ ասպիրանտները, մագիստրանտները և ուսանողները:

Գիտաժողովին կներկայացվեն 301 հեղինակների 161 զեկուցումներ։ Հեղինակներից 47-ը 20 այլ կազմակերպություններից են՝ ՀՀ բուհերից, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտներից ու այլ գիտակրթական կենտրոններից, ինչպես նաև արտասահմանից՝ Ռուսաստանի Դաշնություն, Նիդերլանդներ, Գերմանիա։

Գիտաժողովին կմասնակցեն գիտությունների 33 դոկտորներ, 117 թեկնածուներ,

29 գիտաշխատողներ, 53 ասպիրանտներ, 42 մագիստրանտներ, բակալավրիատի 6 ուսանողներ, 2 աշակերտ ու 2 ուսուցիչ։ Նման մասնակցությունը, կնպաստի քննարկվող հարցերի, գիտական ուղղությունների ու թեմաների առավել լայն ընդգրկմանն ու քննարկմանը, նոր գաղափարների տարածմանը:

Գիտաժողովի ընթացքում կգումարվեն 26 առցանց նիստեր, կգործեն համալսարանի բոլոր գիտակրթական ուղղությունները ներկայացնող 8 բաժանմունքները` ֆիզիկամաթեմատիկական գիտություններ մեխանիկա, մեքենագիտություն, մեքենաշինություն, տրանսպորտ, դիզայն; էներգետիկա, էլեկտրատեխնիկա; մետալուրգիա, նյութագիտություն, ընդերքօգտագործում, քիմիական և բնապահպանական տեխնոլոգիաներ; տեղեկատվական տեխնոլոգիաներ, էլեկտրոնիկա, ռադիոտեխնիկա, հումանիտար և հասարակական գիտություններ; ճարտարագիտական կրթության մեթոդական և մեթոդաբանական հարցեր։ Գիտաժողովը կավարտվի նոյեմբերի 19-ին՝ երկրորդ լիագումար նիստով, որի ընթացքում կամփոփվեն և կվերլուծվեն բաժանմունքների աշխատանքների արդյունքները։

Գիտաժողովի փորձաքննված և հավանության արժանացած նյութերը կտպագրվեն ՀԱՊՀ «ԼՐԱԲԵՐ» գիտական աշխատանքների ժողովածուում»,- նշված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել