Կասկածյալի հարցաքննությունը կատարվում է նրան ձերբակալելուց կամ խափանման միջոց կիրառելու մասին որոշումը նրան հայտարարելուց անմիջապես հետո:
Ձերբակալված կասկածյալն իրավունք ունի հարցաքննվելու պաշտպանի մասնակցությամբ: Պաշտպանի մասնակցությունն անհապաղ ապահովելու անհնարինության դեպքում քննիչը պարտավոր է նրա մասնակցությունն ապահովել կասկածյալին արգելանքի վերցնելուց հետո` 24 ժամվա ընթացքում:
Հարցաքննությունից առաջ կասկածյալին իր ցանկությամբ հնարավորություն է տրվում առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցելու իր պաշտպանի հետ: Եթե առկա է կասկածյալի մասնակցությամբ դատավարական այլ գործողություններ կատարելու անհրաժեշտությունը, ապա հետաքննության մարմինը կամ քննիչը տեսակցության տևողությունը կարող է սահմանափակել՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով կասկածյալին և նրա պաշտպանին: Պաշտպանի հետ տեսակցության ժամկետը չի կարող երկու ժամից պակաս լինել:
Հարցաքննությունն սկսելուց առաջ քննիչը կասկածյալին բացատրում է կասկածանքի էությունը, ինչպես նաև նրա իրավունքները` ներառյալ ցուցմունքներ տալուց, հարցաքննությունը պաշտպանի մասնակցությամբ անցկացնելու կամ պաշտպանի մասնակցությունից հրաժարվելու (բացառությամբ պաշտպանի մասնակցության պարտադիր լինելու դեպքերի) իրավունքները:
Հարցաքննությունն սկսվում է նրանով, որ առաջարկվում է կասկածյալին ցուցմունքներ տալ կասկածանքի և բոլոր այն հանգամանքների առիթով, որոնք իր կարծիքով, կարող են նշանակություն ունենալ գործի համար:
Կասկածյալին հարցաքննելիս մնացած հարցերը կարգավորվում են մեղադրյալի հարցաքննության համար` օրենքով սահմանված կանոններով: