«Ձեզ նվեր արեք և ընդունեք միջնորդությունը». Գևորգյանի փաստաբանը` Աննա Դանիբեկյանին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է  ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով քննությունը։

Գևորգյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը բացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։

Պաշտպանը նշեց, որ մեկ այլ քրեական գործով ինքն ու դատավոր Դանիբեկյանը գտնվում են դատավարական տարբեր կողմերում․ Կոչուբաևը պաշտպանողական կողմի վկա է, իսկ Դանիբեկյանը՝ տուժող։

Հիշեցնենք, որ փաստաբանը 2020թ. պաշտպանում էր քաղաքացի Նարեկ Մանթաշյանի շահերը, որը մեղադրվում էր դատավոր Դանիբեկյանի մասին անձնական տեղեկություններ բացահայտելու մեջ, սակայն հետագայում դատարան կանչվեց որպես վկա: Ըստ Կոչուբաևի, դատավոր Դանիբեկյանն ունի ակնհայտ կանխակալ վերաբերմունք իր նկատմամբ և չի կարող լինել օբյեկտիվ․ «Ինչքան գիտեմ, այսօր ձեր ծննդյան օրն է, ձեզ նվեր արեք և ընդունեք բացարկի միջնորդությունը»։

Այսօր կայացած դատական նիստում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերը պաշտպանող փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտարարեց, որ վերջին շրջանում դատավորը սուբյեկտիվ վերաբերմունք է ցուցաբերում Գևորգյանի և նրա փաստաբանների նկատմամբ։ Նրա խոսքով` դատավարության մասնակիցները տեսել են դատավորի որոշումներն ու գործողությունները, որոնք ակնհայտորեն սահմանափակել են Գևորգյանի իրավունքները։

Քոչարյանի պաշտպանները միացան ներկայացված միջնորդությանը։

Մեղադրող կողմը դեմ էր միջնորդությանը։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց` փաստաբանները դեմ են դատավորին, քանի որ Դանիբեկյանը չի կատարել նրանց պահանջները, չի հարմարվել նրանց պայմաններին:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այս գործով առանձնապես խոշոր չափերի կաշառքի մեղադրանք է ներկայացվել, իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ փողերի լվացման:

Լսելով կողմերի դիրքորոշումները՝ դատավոր Աննա Դանիբեկյանին ընդմիջում հայտարարեց և գնաց խորհրդակցական սենյակ՝ բացարկի միջնորդությունը քննելու և որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի այսօր`ժամը 16։00-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել