Փշաքաղված եմ քիչ առաջ ստացած լուրից, քննչական մարմիները գիտեն ովքեր են գողերը․ Իրինա Հովհաննիսյան

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Իրինա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փշաքաղված եմ քիչ առաջ ստացած լուրից։ Պայթում է սիրտս։ Խեղդվում եմ անզորությունից։

Աշխատանքային պարտականությյունները կատարելու ընթացքում ավտովթարից մահացել է Արծվաբերդի երեք աշխատակից, իսկ տնօրենը գտնվում է հիվանդանոցում։

Արծվաբերդի անտառները մեր թեժ կետն են և անտառտնտեսության ողջ թիմը օրուգիշեր աշխատում է գերլարված՝ տականքներից անտառները փրկելու համար։ Առանց լրացուցիչ վճարի, առանց համայնքի աջակցության։ Մենակ։

Ոստիկանությունը գիտի գողերի անունները, բայց միջոցներ չի ձեռնարկում դրանց բռնելու ուղղությամբ։ Քննչական մարմիները գիտեն ովքեր են գողերը, բայց ամեն առիթով անտառտնտեսությունների աշխատողներին են քարշ տալիս ոստիկանություններում։

Թքել եմ ձեր նամուսի վրա, եթե դուք դա, իհարկե, ունեք։ Ոչ մի բանով չեք տարբերվում անտառները գողացողներից։ վաղուց գողացել եք մեր վստահությունը։

Ցավակցում եմ իմ գործընկերների ընտանիքներին և տնօրենին արագ ապաքինում եմ մաղթում»,-նշված է գրառման մեջ։

Ավելի վաղ նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 21:39-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել Ճանապարհատրանսպորտային պատահար։

«Մեծ ցավով պետք է նշեմ, որ պատահարի արդյունքում մահացած և վիրավոր քաղաքացիները ՇՄՆ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի» անտառտնտեսություն մասնաճյուղի Նավուրի անտառապետության անտառապահներն են։ Գիշերային ստուգայցի ժամանակ, կորցնելով մեքենայի կառավարումը, գահավիժել են ձորը։

«Արծվաբերդ» մասնաճյուղի տնօրենը ծանր վնասվածքներով այժմ գտնվում է մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկում, կյանքին վտանգ չի սպառնում։

Ցավակցում եմ մեր գործընկերների ընտանիքներին, հարազատներին ու ընկերներին, ուժ և տոկունություն եմ ցանկանում։

Շնորհակալ եմ մեր գործընկերներին անձնվիրաբար և անշահախնդիր ծառայության համար։

Պատահարը տեղի է ունեցել ամենախնդրահարույց տարածաշրջաններից մեկի՝ «Արծվաբերդի» անտառտնտեսության Նավուրի անտառապետության Թթու ջուր կոչվող հատվածում, որտեղ վերջին շրջանում ահագնացել էին ապօրինի հատումները, և մի շարք անտառխախտումների դեպքերով էլ հաղորդումներ էին ներկայացվել իրավապահներին։

Այս ցավալի միջադեպը ևս մեկ ազդակ է, որ պետք է սթափվել և զերծ մնալ ապօրինի անտառհատումների արգահատելի գործելաոճից»,-նշել է նա։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել