«Աշտարակ» ԲԿ է տեղափոխվել 11-ամյա աղջկա դի, քիչ անց՝ 19-ամյա աղջիկ, որը ևս մահացել է․ ոստիկանություն

Հոկտեմբերի 25-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ ԲԿ է տեղափոխվել 11-ամյա աղջկա դի:

Այնուհետև ԲԿ է տեղափոխվել 19-ամյա աղջիկ, որը հիվանդանոցում մահացել է: Այս մասին լուրը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:

«Մեկնել է օպերատիվ քննչական խումբ»,-նշեցին ոստիկանությունից:

Լրացված, 12:40:

Քննչական կոմիտեից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ 11-ամյա և 19-ամյա քույրերը մահացել են գազի արտահոսքից:

«Արագածոտնի մարզի Կարբի գյուղի 3-րդ փողոցում գտնվող տանը գազաֆիկացում չի եղել: Իրենք տանը տեղադրել են տնայնագործական պայմաններում պատրաստված գազաբալոնային համակարգ, որից ռետինե խողովակով գազն անցկացրել են խոհանոց և օգտագործել են գազային այրման ջրատաքացուցիչ և գազօջախ օգտագործելու համար: Ծխատար և օդատար ուղիներ ընդհանրապես չի եղել: Գազամատակարարման ընկերության աշխատակիցը փաստել է, որ խոհանոցում առկա է եղել գազի արտահոսք»,-նշեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:

Հավելենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն բազմիցս զգուշացրել է․

1. Խստիվ արգելվում է էլեկտրական սնուցումից անջատել բնակարաններում տեղադրված գազասպառման անվտանգության ազդանշանային սարքերը, օգտագործել ինքնաշեն կամ անսարք վիճակում գտնվող գազասարքեր:

2. Չկատարել օդատար և ծխատար ուղիների ինքնակամ ձևափոխություններ՝ դրանցում ստեղծելով արհեստական դիմադրություններ, զերծ մնալ գազօգտագործման ընթացքում ցանկացած ինքնագործունեությունից:

Մեկ անգամ ևս զգուշացնում ենք պահպանել բնական գազից անվտանգ օգտվելու պահանջները, առավելապես ջեռուցման ժամանակաշրջանում, իսկ գազասպառման համակարգի կամ գազօգտագործող սարքերի հետ կապված անսարքությունների առաջացման դեպքում անմիջապես դիմել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի շուրջօրյա գործող վթարակարգավարական ծառայություն՝ 1–04 հեռախոսահամարով:

Ընկերությունը հայտնում է, որ ներտնային գազասպառման համակարգի անվտանգ շահագործման, իր և իր հարևանների առողջությունը և կյանքը չվտանգելու պատասխանատվություն կրում է բաժանորդը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել