Մեքենա կայանելու հարցի շուրջ ծագած վեճն ավարտվել է սպանությամբ. ոստիկանություն

Հոկտեմբերի 12-ին, ժամը 01.43-ին, ոստիկանություն զանգահարած անձը հայտնեց, որ Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 1-ին տարածքում դանակահարություն է։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Շտապ դեպքի վայր մեկնեց ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, մեկնեցին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Մալաթիայի բաժնի պետերը, դատախազության և քննչական բաժնի ղեկավարներ: Պարզվեց, որ ահազանգից րոպեներ առաջ, վիճաբանության ու ծեծկռտուքի ժամանակ, 46-ամյա տղամարդը դանակով հարվածներ է հասցրել իր հասակակցի կրծքավանդակին: Ժամը 01.55-ին, արդեն մահացած, նա տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տվյալների` սա առաջին դեպքը չէ, որ մեքենայի կայանման հարցի շուրջ հարևանների միջև ծագում է վեճ: Իսկ այս անգամ վեճին միջամտել էր հարևաններից մեկին հյուր եկած բարեկամը, որն էլ հենց դառնում է միջադեպի զոհ:

Բացատրական աշխատանքի արդյունքում դեպքից ժամեր անց դանակահարողը եկել է ոստիկանության բաժին, ներկայացվել քննչական բաժին ու ձերբակալվել։

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել