Որքա՞ն կարող է երկարաձգվել ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը

Ինչպես գիտենք, ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը տասը տարի է՝ հայտի ներկայացման թվականից հաշված:

Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը կարող է բազմակի երկարաձգվել բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար յուրաքանչյուր անգամ տասը տարի ժամկետով:

Ապրանքային նշանի գրանցման գործողությունը երկարաձգվում է դրա իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի դիմումի հիման վրա, որը ներկայացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության և քննարկվում է մեկամսյա ժամկետում։

Դիմումը տրվում է ապրանքային նշանի գրանցման գործողության ընթացիկ ժամկետի վերջին տարվա ընթացքում:

Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը կարող է երկարաձգվել նաև ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում, ներկայացված դիմումի հիման վրա՝ լրացուցիչ պետական տուրք վճարելու դեպքում:

Ապրանքային նշանի գրանցման գործողության երկարաձգված ժամկետը հաշվարկվում է նախորդող տասը տարվա ժամանակահատվածին հաջորդող օրվանից։

Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին Մտավոր սեփականության գործակալությունը գրառում է կատարում պետական գրանցամատյանում, ապրանքային նշանի վկայագրում (իրավատիրոջ ցանկությամբ) և տեղեկություններ է հրապարակում «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

Դիմումի ձևը, դրա ձևակերպման և քննարկման կարգը սահմանում է կառավարությունը:

Դիմումը չի կարող մերժվել առանց դիմողին հնարավորություն ընձեռելու փաստարկներ ներկայացնել ապրանքային նշանի գրանցման գործողությունը երկարաձգելու օգտին:

Ներկայացված դիմումի որևէ նշման կամ ցուցումի հավաստիությունը հիմնավոր կասկածներ հարուցելու դեպքում Մտավոր սեփականության գործակալությունը կարող է պահանջել համապատասխան ապացույցներ:

Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի ավարտի մասին Մտավոր սեփականության գործակալությունը ծանուցում է դրա իրավատիրոջը՝ ապրանքային նշանի գրանցման գործողության ընթացիկ ժամկետի վերջին տարվա իններորդ ամսվա ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել