Ապահովագրական գործունեության լիցենզիան Կենտրոնական բանկի կողմից տրվող ապահովագրական գործունեություն իրականացնելու թույլտվությունը հավաստող փաստաթուղթ է:
Լիցենզիան անժամկետ է: Այն չի կարող օտարվել, գրավադրվել կամ փոխանցվել:
Լիցենզիայում նշվում են լիցենզիայի համարը, տալու ամսաթիվը, լիցենզավորված Ապահովագրական ընկերության լրիվ ֆիրմային անվանումը, գրանցման համարը, ապահովագրության տեսակը (ները) և դասը (երը): Լիցենզիայի միասնական ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
Լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում պետք է եռօրյա ժամկետում Ընկերության կողմից վերադարձվի Կենտրոնական բանկ:
Լիցենզիայի կորստի դեպքում Ընկերությունն այդ մասին անհապաղ, բայց ոչ ավելի, քան հինգ օրվա ընթացքում հայտնում է Կենտրոնական բանկին: Ընկերության դիմումով Կենտրոնական բանկը տասնօրյա ժամկետում Ընկերությանը տրամադրում է լիցենզիայի կրկնօրինակը:
Ապահովագրական գործունեության լիցենզավորման ընթացակարգը սահմանվում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
Ապահովագրական գործունեության լիցենզիան տրվում է օրենքով սահմանված` մեկ կամ մի քանի դասերով կամ ենթադասերով ապահովագրական գործունեություն իրականացնելու համար:
Ընկերությունն ու օտարերկրյա ապահովագրական Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված մասնաճյուղն ապահովագրական գործունեություն կարող է իրականացնել միայն ապահովագրության այն դասերով և ենթադասերով, որոնց համար ստացել է լիցենզիան:
Ընկերությունը կարող է միաժամանակ իրականացնել կյանքի ապահովագրություն և կյանքի վերաապահովագրություն կամ ոչ կյանքի ապահովագրություն և ոչ կյանքի վերաապահովագրություն:
Ընկերությունը չի կարող միաժամանակ իրականացնել օրենքում նշված կյանքի և ոչ կյանքի ապահովագրության դասերով ապահովագրական գործունեություն:
Վերաապահովագրական ընկերությունը կարող է միաժամանակ իրականացնել կյանքի և ոչ կյանքի վերաապահովագրություն: